«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրջագույն խնդիր է համարում մոտոցիկլետների գոյությունը։ Այսօր Ազգային ժողովի ամբիոնից նա խոսել է Հայաստանի «աղմկոտ մայրաքաղաքի» մասին։ Աղմուկի դեմ պայքարի շրջանակներում նա քննարկումներ է անցկացնում մասնագիտական խմբերի և պատկան կառույցների հետ։
«Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունն իմ գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ աղմուկի մակարդակը Երևան քաղաքում գնահատելու նպատակով նախարարության մասնագետների կողմից իրականացվում են չափումներ՝ Երևան քաղաքում աղմուկի քարտեզ կազմելու համար։ Սակայն վերջնական քարտեզ դեռ չունենք, կունենանք միայն 2021 թվականին ու, կարծում եմ, չպետք է սպասենք ևս երկու տարի, որովհետև նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների տեղեկացմամբ, շրջակա միջավայրում աղմուկի թույլատրելի մակարդակը Երևանի փոքր կենտրոնում արդեն գերազանցում է 25-ից 30 դեցիբելով։ Սա լուրջ ցուցանիշ է, և չպիտի թույլ տանք, որ Երևանում ապրող բնակիչը օրինաչափորեն մեծ չափաբաժին ստանա։
Այսօր Երևանի աղմուկի առյուծի բաժինն ստեղծում են տրանսպորտային միջոցները, որոնց թիվը տարեցտարի թռիչքաձև աճում է։ Ավտոմեքենաներից հնչող տարբեր ճաշակի բարձր երաժշտությունը, հատկապես գիշերային ժամերին ուղղակի տհաճություն են պատճառում անցորդներին։ Մյուս խնդիրը խլացուցիչների, այսպես ասած, գլուշիտելների արձակած դիվային ձայներն են, որոնք ուղղակի սարսափեցնում են կենտրոնում բնակովող կամ աշխատող մարդկանց։ Հատկապես գիշերը, երեխաների քնելու ժամին գոնե վարորդները պետք է զերծ մնան այդպիսի մեքենաներով մրցավազք անելուց մայրաքաղաքի փողոցներում։
Լրջագույն խնդիր է նաև մոտոցիկլետների գոյությունը մեր խիտ բնակեցված ու ծայրահեղ ծանրաբեռնված մայրաքաղաքում։ Մոտոցիկլավարների ձգտումները՝ վայրկյան առաջ տեղ հասնելու, վտանգում են ոչ միայն իրենց, այլև քաղաքացիների կյանքը, նաև արձակված տհաճ և բարձր ձայներով։ Որքան էլ որ ոստիկանությունը խիստ պատիժներ է կիրառում նրանց նկատմամբ, ամեն դեպքում խնդիրը դեռ կարգավորված չէ։
Եվ վերջապես, մայրաքաղաքի տրանսպորտային աղմուկի ամենամեծ չափաբաժինը կազմում են տարբեր ֆիրմային հնչյուններով արձակված ազդանշանները, որոնք վարորդները տալիս են ոչ թե այն պայմաններում, ինչպես ամրագրված է իրավակարգավորումներում, այսինքն միայն վթարային իրավիճակում է թույլատրվում ազդանշան տալ, այլ պարզապես այն դեպքերում, երբ, օրինակ, ունեն վատ տրամադրություն, շտապում են, ընկերոջն ի տես բոլորին ողջունում են, դիմացի գազելին են սադրում արագ վարել կամ, ասենք, փորձում են ավտոբուսը հեռացնել կանգառից։
Հայաստանի ոստիկանությունից ստացված պաշտոնական պատասխանի համաձայն, 2017 թվականին տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնների 18 խախտում է արձանագրվել, իսկ 2018 թվականին այդ թիվն աճել է մոտ 10 անգամ՝ 117 դեպք։ Իսկապես խնդիրը կա, որի լուծումը բոլորիս գործն է։ Յուրաքանչյուրս մեր տեղում անենք հնարավորը՝ անաղմուկ բնակավայր ունենալու համար», ֊ իր ելույթում ասել է Թովմասյանը։