«Իմ աշխատանքի ընթացքում հանդիպել են գույքեր, որոնք գրանցված չեն, ուստի կարելի է ենթադրել, որ գույքահարկ չեն վճարում, դրանց մեջ եղել են և կան նախկին պաշտոնյաներ։ Բազմաթիվ են նման օրինակները, երբ բերում և մեզ մոտ գրանցում են նաև Մոնումենտից: Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը, որը գտնվում է կենդանաբանական այգու ճանապարհին, գրանցված չէ», ֊ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։ Նա տեղեկություններ չունի, թե Մոնումենտի շքեղ առանձնատների համար որքան գույքահարկ է վճարվում:
ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Մոնումենտում առանձնատներ ունեն տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահմայանը, տնտեսական և քաղաքական գործիչ Խաչատուր Սուքիասյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, նրա եղբայրը՝ Սամվել Կարապետյանը և այլք: ՀՀ ներկայից վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր տարիներին տվյալ թաղամասն անվանում էր կոռուպցիայի թանգարան՝ բաց երկնքի տակ:
«15 բաղադրիչ կա, որի արդյունքում ձևավորվում է գույքահարկը, հիմա նույնիսկ դժվար կլինի ասել», – պատասխանեց Կադաստրի ղեկավարը:
Ըստ նրա՝ համայնքը պետք է ստիպի սեփականատիրոջը՝ գրանցել գույքը, որպեսզի գույքահարկ գանձվի։ Նման օրինակներն, ասել է Պետրոսյանը, բազմաթիվ են, երբ հսկայական պալատներ են «բերում, մեզ մոտ գրանցում՝ արդեն գոյություն ունեցող շենքեր և՛ Մոնումենտից, և՛ բարձր պաշտոնյաներ, բայց եկեք ես անուններ չասեմ»։
Պատասխանելով հարցին այն մասին, արդյոք գրանցված է գազանանոցի ճանապարհին գտնվող շքեղ գույքը, որը կապում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ, Սարհատ Պետրոսյանը, «չդիմանալով գայթակղությանն», ասաց․ «Այո, դա իրականությանը համապատասխանում է, և էդ գույքը դեռևս գրանցված չէ մեզ մոտ»։ Իսկ ինչ վերաբերում է Խաչատրյանին՝ գույքը գրանցելու անհրաժեշտության մասին որևէ կերպ ծանուցելուն, Կադաստրը նման լիազորություններ չունի, ասել է Պետրոսյանը․ «Դա համայնքի խնդիրն է, և մենք չենք կասկածում, որ համայնքը դա կանի»։