Home / Բանակ / Պայմանագրային զինծառայողը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել՝ վարկ ստանալու համար. ՔԿ

Պայմանագրային զինծառայողը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել՝ վարկ ստանալու համար. ՔԿ

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՊՆ պայմանագրային զինծառայողի՝ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն, հայտնում է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1966 թվականին ծնված տղամարդը, վարկով գումար վերցնելու համար, դիմել է մի շարք ֆինանսական կազմակերպությունների, սակայն մշտական աշխատանք չունենալու պատճառով չի կարողացել ՀՀ բանկերում վարկ ձևակերպել:

Իր նպատակն իրագործելու համար տղամարդը 2018թ. աշնանը Երևանում վճարի դիմաց ձեռք է բերել իրավունք վերապահող, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի՝ ակնհայտ կեղծ վկայական, ինչպես նաև՝ 229 460 ՀՀ դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ կնքված և դրոշմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք:

Իր տրամադրության տակ ունենալով նշված կեղծ փաստաթղթերը՝ նա դիմել է Երևան քաղաքում գործող Ունիվերսալ վարկային կազմակերպություններից մեկին և դրանց հիման վրա՝ կնքել պայմանագիր՝ 300 000 ՀՀ դրամ վարկ տրամադրելու վերաբերյալ: «Գործարքն ավարտելուց հետո 52-ամյա տղամարդն իրեն տրամադրված կեղծ վկայականը վերադարձրել է այն անձին, ումից վերցրել էր:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1966թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

«Նախաքննության ընթացքում հայտնաբերված առերևույթ նոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ կեղծ վկայականը պատրաստող և իրացնող անձին (անձանց) ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ», ֊ նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։