Օրերս Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացմանն ուղղված քայլերին: Քննարկման ընթացքում «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանին ներկայացվել է ճգնաժամային կենտրոնների հիմնման նախագիծը, որը նախ կփորձարկվի Երևանում, ապա՝ կտեղափոխվի նաև մարզեր: Ճգնաժամային առաջին կենտրոնը կհիմնվի Երևանում գործող միակ շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող հաստատությունում՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում»: Այս մասին հունիսի 27-ին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Քննարկման ընթացքում ներկայացվել է, որ այս քաղաքականության իրականացումն իր հետ բերելու է նոր լուծումներ և նոր գործիքակազմ մշակելու անհրաժեշտություն:
Քննարկումից օրեր անց՝ այսօր, Աշոտ Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարություն:
«Բարձր գնահատելով Աշոտ Մնացականյանի բազմամյա աշխատանքն ու նվիրվածությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների աջակցման գործին, նախարարությունը նորանոր հաջողություններ է մաղթում նրան՝ հետագա գործունեության ընթացքում», – գրված է նախարարության հաղորդագրությունում: