Home / Մշակույթ / Դիմադրության ՀԿ-ացումը՝ որպես զանգվածային շարժումների սպառնալիք

Դիմադրության ՀԿ-ացումը՝ որպես զանգվածային շարժումների սպառնալիք

Հատված Արունդհատի Ռոյի՝ Ամերիկյան սոցիոլոգների ասոցիացիայի 99-րդ տարեկան հանդիպման ժամանակ հնչած «Հանրության ուժը Կայսրության դարաշրջանում» ելույթից (Սան Ֆրանցիսկո, 2004թ. օգոստոսի 16): Ելույթը ներառվել է Ռոյի 2016 թվականին տպագրված «The End of Imagination» գրքում: Թարգմանությունը հրապարակվել է «Սև բիբար» ձախական քննախոսական հարթակի կողմից։ Թարգմանիչ՝ Արփինե Գալֆայան։ Սա Արունդհատի Ռոյի ելույթի երկրորդ հատվածն է, որ թարգմանվել և հրապարակվել է «Սև բիբարի» կողմից ։ Առաջինը՝ «Հանրության ուժը Կայսրության դարաշրջանում»՝ հղումով։

__

Զանգվածային շարժումներին սպառնոցող վտանգներից մեկը դիմադրության ՀԿ[1]-ացումն է: Ասելիքս կարելի է հեշտությամբ աղավաղել՝ մեղադրական եզրակացություն հնչեցելով բոլոր ՀԿ-ների հասցեին, ինչը սուտ կլիներ: Այն պղտոր ջրերում, որտեղ կեղծ ՀԿ-ները գրանտային փողեր են քամում և խուսափում հարկերից (Բիհարի[2] տիպի նահանգներում դրանք տրվում են որպես հարսանեկան օժիտ), անշուշտ, կան նաև ՀԿ-ներ, որոնք արժեքավոր գործ են անում: Բայց կարևոր է, որ մեր ուշադրությունը տեղափոխենք առանձին ՀԿ-ների կատարած դրական աշխատանքից անդին, և ՀԿ-ների երևույթը դիտարկենք ավելի լայն քաղաքական համատեքստում:

Հնդկաստանում, օրինակ, ֆինանսավորվող ՀԿ-ների վերելքը սկսվեց 1980-ականների վերջին և 1990-ականներին: Սա համընկավ Հնդկաստանի շուկաները նեոլիբերալիզմի (նոր ազատականության) առջև բացելու հետ: Այդ նույն ժամանակ Հնդկական պետությունը, Կառուցվածքային վերափոխումների[3] պահանջներին հետևելով, դադարեցնում էր գյուղական զարգացման, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և հանրային առողջության ֆինանսավորումը: Մինչ պետությունը հրաժարվում էր իր ավանդական դերից, այդ նույն ոլորտներում գործի էին անցնում ՀԿ-ները: Այն տարբերությամբ, իհարկե, որ ՀԿ-ների տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցները փաստացի կրճատված պետական ծախսերի չնչին մասն են կազմում: Խոշոր, լավ ֆինանսավորվող ՀԿ-ների մեծ մասը ֆինանսավորում և հովանավորչություն է վայելում միջազգային օգնության ու զարգացման տարբեր գործակալությունների կողմից, որոնք էլ, իրենց հերթին, ֆինանսավորվում են Արևմտյան կառավարությունների, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի և որոշ բազմազգ կորպորացիաների կողմից: Գուցե սրանք միևնույն գործակալությունները չեն, սակայն, անպայմանորեն, դրանք մաս են կազմում այն նույն ոչ մոնոլիթ քաղաքական կազմավորման, որը վերահսկում է նեոլիբերալ ծրագիրն ու առաջին հերթին պահանջում է կրճատել պետական ծախսերը:

Ինչո՞ւ պետք է այս գործակալությունները ֆինանսավորեն ՀԿ-ներին: Արդյոք սա զուտ հնաոճ միսիոներական մղո՞ւմ է: Մեղքի զգացո՞ւմ: Այնքան էլ չէ…

ՀԿ-ները տպավորություն են թողնում, թե իրենք լրացնում են նահանջող պետության կողմից առաջացված վակուումը: Այո, լրացնում են, սակայն նյութապես աննշան չափով: Նրանց իրական ներդրումն այն է, որ վերջիններս մեղմում են քաղաքական զայրույթը՝ որպես օգնություն կամ բարեգործություն ներկայացնելով այն, ինչը մարդկանց վերապահված է իրավունքի ուժով: Նրանք խեղում են հանրային ոգին:

Նրանք ժողովուրդներին վերածում են կախյալ զոհերի և բթացնում են քաղաքական դիմադրության սուր եզրերը: ՀԿ-ները մի տեսակ բուֆեր են ձևավորում կառավարության և հանրության միջև: Կայսրության և նրա ենթակաների միջև: Նրանք դարձել են դիսկուրսի իրավարարները, մեկնաբանողներն ու միջնորդները: Անարդար, անողջամիտ պատերազմում նրանք խաղում են «ողջամիտ (տղա)մարդու» դերը:

Լայն առումով՝ ՀԿ-ները հաշվետու են իրենց ֆինանսավորողներին, ոչ թե այն մարդկանց, ում շրջանում աշխատում են:

Բուսաբանները նրանց կանվանեին կենսացուցիչ բուսատեսակներ: Թվում է՝ որքան ավելի մեծ են նեոլիբերալիզմի գործած ավերները, այնքան ավելի շատ է ՀԿ-ների թիվը: Ոչինչ այնքան սուր չի պատկերում ասվածը, որքան այն երևույթը, որ ԱՄՆ-ը որևէ երկիր իր ներխուժումը նախապատրաստելուց առաջ միաժամանակ պատրաստում է ՀԿ-ներին՝ գնալու և մաքրելու ավերածությունները:

Որպեսզի ՀԿ-ները վստահ լինեն, որ իրենց ֆինանսավորումը չի դադարեցվի, իսկ այն երկրների կառավարությունները, որտեղ նրանք աշխատում են, չեն արգելի իրենց գործունեությունը, նրանք ստիպված են իրենց աշխատանքը (լինի դա պատերազմից, աղքատությունից, թե համաճարակից ավերված երկրում) ներկայացնել մակերեսային, քաղաքական կամ պատմական որևէ կոնտեքստից քիչ թե շատ կտրված շրջանակում: Պատմական ու քաղաքական կոնտեքստ, որն անախորժ է, ամեն պարագայում: Զուր չէ, որ «ՀԿ-ների դիտանկյունը» գնալով ավելի հարգված է դառնում:

Աղքատ երկրներից և պատերազմական գոտիներից ստացվող ապաքաղաքական (և դրանով իսկ, իրականում, խիստ քաղաքական) աղեկտուր զեկույցները տպավորություն են ստեղծում, թե այս (մութ) երկրների (մութ) մարդիկ պաթոլոգիական զոհեր են:

Հերթական թերսնված հնդիկը, հերթական սովամահ եղող եթովպացին, հերթական աֆղան-փախստականների ճամբարը, հերթական խեղված սուդանցին…սպիտակամաշկ մարդու օգնության կարիքն ունեն: Նրանք անգիտակցաբար ամրապնդում են ռասիստական կարծրատիպերն ու վերահաստատում են Արևմտյան քաղաքակրթության նվաճումները, սփոփանքն ու կարեկցանքը (կոպիտ սերը)՝ դրանցից հանած՝ ցեղասպանությունների, գաղութատիրության և ստրկատիրության պատմությունը: Նրանք ժամանակակից աշխարհի աշխարհիկ միսիոներներն են:

Իրականում (ավելի փոքր մասշտաբով, սակայն ավելի նենգաբար) ՀԿ-ների ձեռքում գտնվող կապիտալն այլընտրանքային քաղաքականության մեջ խաղում է նույն դերը, ինչ աղքատ երկրների տնտեսություններից ներս և դուրս հոսող սպեկուլյատիվ կապիտալը: Այն սկսում է օրակարգ թելադրել:

Այն հակամարտությունը վերածում է բանակցության: Այն ապաքաղաքականացնում է դիմադրությունը: Այն միջամտում է տեղացի ժողովուրդների շարժումներին, որոնք ավանդաբար ապավինել են սեփական ուժերին: ՀԿ-ները գումարներ ունեն, որոնցով կարողանում են վարձու աշխատող դարձնել տեղացիներին, ովքեր այլապես դիմադրական շարժումների ակտիվիստներ կլինեին. այս տեղացիներին այժմ թվում է, թե իրենք անմիջական, ստեղծագործական բարիք են ստեղծում (և այդ ամենն անելով էլ՝ ապրուստ են վաստակում): Բարեգործությունն ակնթարթային գոհունակություն է պարգևում ինչպես տվողին, այնպես էլ ստացողին՝ սքողելով դրա կողմնակի հետևանքների վտանգավորությունը: Իրական քաղաքական դիմադրությունը նման կարճ ճանապարհներ չի ենթադրում:

Քաղաքականության ՀԿ-ացնումը սպառնում է դիմադրությունը վերածել քաղաքավարի, ողջամիտ, աշխատավարձով, 9:00–5:00-ն արվող գործի, որն անողների առջև նետվում են «բոնուսային փշրանքներ»:

Իրական դիմադրությունն իրական հետևանքներ ունի: Եվ արվում է առանց աշխատավարձի:

[1] Թրգմ.ծանոթագրություն․ ՀԿ՝ հասարակական կազմակերպություն, NGO (non-governmental organization), անգլերենից բառացի՝ ոչ կառավարական կազմակերպություն

[2] Թրգմ. ծանոթագրություն․ Բիհարը Հնդկաստանի արևելյան նահանգներից է, սահմանակից է Նեպալին:

[3] Թրգմ. ծանոթագրություն․ Կառուցվածքային վերափոխումները Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տնտեսական ճգնաժամ ապրող Երրորդ աշխարհի երկրներին տրվող վարկային ծրագրային փաթեթներ են, որոնք ներդրվել 1950-ականներից մինչև 1990-ական թվականները. 1990-ականների վերջին այս վարկային ծրագրերը թեթևակի փոփոխության են ենթարկվել ու վերանվանվել՝ Աղքատության կրճատման ծրագրերի, 2000-ականների վերջին դրանք կրկին վերանվանվել են և այժմ կոչվում են Կայուն զարգացման ծրագրեր: Այս ծրագրերով վարկեր ստանալու համար տնտեսական ճգնաժամ ապրող երկրներին պարտադրվում է տնտեսական կառուցվածքի փոփոխություն, շուկայի ազատականացում, պետական նորմատիվ և կարգավորիչ գործառույթների թուլացում, հանրային ոլորտների մասնավորեցում, արտաքին ներդրողների շահերի պաշտպանության մեխանիզմների ներդրում և այլն: 1990-ից ի վեր՝ Հնդկաստանը Կառուցվածքային վերափոխումների ծրագրով ամենաշատ վարկեր ստացած պետությունն է. ստացված վարկային գումարները չէին կարող օգտագործվել կրթության, առողջապահության կամ զարգացման ծրագրերի համար: