Home / Վերլուծություն / Հունաստանը նոր վարչապետ ունի․ ձախերը ձախողեցին, աջերը վերադարձան իշխանության

Հունաստանը նոր վարչապետ ունի․ ձախերը ձախողեցին, աջերը վերադարձան իշխանության

Այսօր, հուլիսի 9-ին տեղի ունեցավ Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի երդման արարողությունը: Հուլիսի 7-ին կայացած արտահերթ ընտրություններում նա ներկայացնում էր աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր ընտրողների 39.85 տոկոսը: Ձախական «Սիրիզա» կուսակցությունը ներկայացնող նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ ձայների 31.53 տոկոսով, զբաղեցրել էր երկրորդ տեղը։

Ձախակենտրոն «Շարժում հանուն փոփոխության» կուսակցությունը երրորդ տեղում էր՝ ընտրողերի ձայների 8.1 տոկոսով։ Նրանց հաջորդում էր Կոմունիստական կուսակցությունը, որը հավաքել էր ձայների 5.3 տոկոսը։ Ծայրահեղ աջական «Ոսկե արևածագ» կուսակցությունը չէր հատել անցողիկ 3 տոկոսանոց շեմը։

Ըստ լրագրող Մարկ Լոուենի, Միցոտակիսի [աջերի] հաջողությունը հիմնականում պայմանավորված է արդեն նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի [ձախերի] ձախողմամբ և «չափազանցացված խոստումներով», որոնք նախորդ ընտրություններին օգնեցին Ցիպրասին դառնալ վարչապետ և որոնց  զգալի մասը իրականություն չդարձան նրա պաշտոնավարման ժամանակ։

Մասնավորապես, 2015 թվականին Ցիպրասի առանցքային խոստումներից էր՝ վերանայել եվրոպական վարկատուների հետ համաձայնագրերի պայմաններն ու հանել Հունաստանը խստամբերության (austerity) քաղաքականությունից, սակայն Եվրոմիության ճնշման և «Գրեքսիթի» (Հունաստանի հավանական հեռացումը Եվրագոտուց) վտանգի ներքո Ցիպրասն ի վերջո ստիպված եղավ կրկին ստորագրել ստորացուցիչ այն համաձայնագրերը, որոնք էլ ավելի խորացրեցին խստամբերությունը: 

Նրա և նրա կուսակցության հանրային աջակցությունը գնալով թուլանում էր։ Մայիսին կայացած Եվրախորհրդի ընտրությունների արդյունքերն այս իմաստով խոսուն էին․ Ցիպրասի գլխավորած «Սիրիզան» պարտվեց աջակենտրոն «Նոր ժողովրդավարությանը»՝ 33 տոկոսն ընդդեմ 23 տոկոսի հարաբերակցությամբ։

Հենց այս պարտությունն էր, որ ստիպեց իշխող «Սիրիզային» արտահերթ ընրություններ նախաձեռնել․ ԵԽ ընտրություններից առաջ դեռ միանշանակ չէր և կար կարծիք, որ Ցիպրասը կկարողանա պահել իշխանությունը, սակայն քվեարկությունից հետո ակնհայտ էր, որ վերընտրվելու շանսեր գրեթե չկան։

Ո՞վ է նոր վաչապետը

Նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը սերում է երկրի ամենահայտնի քաղաքական դինաստիաներից մեկից։ Օրինակ, նրա հայրը՝ Կոնստանտին Միցոտակիսը, ով 1967 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայի արտգործնախարարի աջակցությամբ փախել էր երկրից և յոթ տարի ապրել Թուրքիայում՝ աքսորյալի կարգավիճակում, Հունաստան վերադառնալուց հետո՝ 1990-1993 թվականներին նույնպես զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ Իսկ նրա քույրը՝ Դորա Բակոյանիսը, 2003-2006 թվականներին, երբ քաղաքը ընդունում էր Օլիմպիական խաղերը, եղել է Աթենքի քաղաքապետը (առաջին կինն այդ պաշտոնում), իսկ քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո՝ 2006-2009 թվականներին՝ Արտաքին գործերի նախարար։

Նորընտիր վարչապետը գլխավորում է «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, որի առաջնորդը նախկինում եղել է նաև նրա հայրը։ Թեև Միցոտակիս կրտսերը բավականին պատկառելի աջ ցենտրիստ է, նրա կուսակցությունում քիչ չեն ավելի ռադիկալ տրամադրված աջ պոպուլիստները՝ մասնավորապես, հրեատյաց, հակամիգրանտային, պահպանողական քաղաքականության կողմնակիցները, ինչը հաճախ մեկնաբանվում է որպես ներկուսակցական վտանգ հենց Միցոտակիսի համար։

«Նոր Ժողովրդավարությունը» ի տարբերություն ձախերի ավելի զուսպ էր խոստումների մեջ․ հիմնական խոստումները վերաբերում էին հարկերի նվազեցմանը, երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակի իջեցմանը ու, կանխատեսելիորեն, սպասարկման ոլորտի մասնավորեցմանը, որը մինչ օրս 2008-ի ֆինանսական ճգնաժամի ազդեցության տակ է գործում: Թեեւ Ցիպրասի քաղաքականությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում բազմիցս քննադատվել է նորընտիր վարչապետի կողմից, ռադիկալ փոփոխություններ այս ոլորտում չեն խոստացվում։

Ի՞նչ կապ ունի Թուրքիան

Միցոտակիսին շնորհավորած առաջին օտարերկրյա առաջնորդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր: Նա լիահույս է, որ նոր վարչապետի հետ միասին նրանք կկարողանան նոր շունչ տալ Թուրքիա-Հունաստան հարաբերություններին՝ հիմնվելով միջազգային օրենսդրության և երկու երկրների ժողովուրդների շահերի նկատմամբ հարգանքի վրա:

Մինչ օրս Միցոտակիսը բավականին զգույշ է արտահայտվել Թուրքիայի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ, թեև բազմիցս քննադատել է Ցիպրասի անզիջում քաղաքականությունը՝  Թուրքիայի փախստականների և նրանց Թուրքիա վերադարձնելու հարցում: Ցիպրասի իշխանության օրոք հազարավոր թուրքական փախստականներ ժամանակավոր բնակեցվել են Էգեյան կղզիներում, հաճախ՝ սարսափելի պայմաններում: Միցոտակիսը պատրաստվում է քաղապաստան ստանալու իրավունք չունեցողներին շտապ արտահանձնել Թուրքիա: 

Հունաստանում քաղապաստան հայցող փախստականների գերակշիռ մասը Թուրքիայում հետապնդվում է գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ: 

[2016 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆետհուլլա Գյուլենին և նրա գաղափարակիցներին մեղադրել է զինված հեղաշրջման փորձի մեջ: Դրան հաջորդել են հետապնդումներ հազարավոր մարդկանց նկատմամբ, ում «մեղսագրվել է» Գյուլենին աջակցելու կամ համակրելու «հանցանքը»: Գյուլենիզմի մեջ մեղադրվելու պատճառով ազատազրկվածների և աշխատանքը կորցրածների թիվը Թուրքիայում հասնում է մի քանի հարյուր հազարի]:

Միցոտակիսի դիրքորոշումը փախստականների հարցում մամուլում հաճախ կապվում է նրա հոր կենսագրության թուրքական հատվածի հետ․ ակնարկբում է, որ Միցոտակիսը, ամենայն հավանականությամբ, կվերադարձնի թուրքական փախստականներին, քանի որ ժամանակին իր հայրը փրկվել է հենց Թուրքիայի աջակցության շնորհիվ:

                             

                                աղբյուրներ՝ bbc, ft.com, greece.greekreporter.com, ahvalnews.com, sabah, hurriyetdailynews.com