Ստեփանակերտի բնակիչ 35-ամյա Կարեն Գրիգորյանն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպում, որի ընթացքում ակնկալում է պատասխաններ ստանալ իրեն հուզող մի շարք հարցերին։
Գրիգորյանը հայտարարել է, որ հացադուլով իր բողոքն է արտահայտում երկրում ծանոթով կամ բարեկամով գործի տեղավորելու «ավանդույթի», մարդկանց հաշմանդամության կարգավիճակից զրկելու պրակտիկայի, զոհված ազատամարտիկների և փախստականների ընտանիքների համար պետական բնակապահովման, նաև՝ հիպոտեկային, ծրագրերի անհասանելիության դեմ։ Բոլոր նշված խնդիրները Գրիգորյանը ձևակերպել է հարցի տեսքով և կարծում է, որ Բակո Սահակյանը կարող է իրեն պատասխանել՝ ինչու է այդպես ստացվել և արդյոք որևէ բան կփոխվի։Իշխանություններին ուղղված հարցերից է նաև անհետ կորածների խնդիրը․ ո՞վ է զբաղվում անհայտ կորած ազատամարտիկների հարցերով և ինչ աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ։
Գրիգորյանն ասում է, որ բոլոր իր պահանջները՝ հարցերի տեսքով, բխում են իր անձնական փորձից, իր ընտանիքի, հարազատների կյանքից։ Գործազրկության հարցը, որ մարդիկ անընդհատ աշխատանք են փնտրում և չեն կարողանում գտնել։ Հաշմանդամության հարցը, ինչպես է պետությունը կրճատում թոշակները և զրկում կարգավիճակից նույնիսկ նրանց, ովքեր լուրջ առողջական խնդիրներ ունեն և նյութական աջակցության կարիք։ Բնակապահովման հարցը, որ զոհված կամ վիրավոր ազատամարդիկների ընտանիքները, փախստականները անընդհատ դիմում են համապատասխան մարմիններ, որպեսզի գոնե մի հողակտոր ստանան, իսկ համայնքի ադմինիստրացիան պահանջում է դրա համար մեկնարկային հինգ հարյուր հազար դրամ գումար։ Հիպոտեկով կամ պետծրագրով բնակարան առնելու հնարավորություն շատ քչերն ունեն․ նրանք, ովքեր կարողանում են երեք հարյուրից ավել աշխատավարձ ցույց տալ եւ այլն, եւ այլ։ Գրիգորյանը ընդգծում է, որ նշված խնդիրներից շատները անձամբ է վերապրել և կարծում է, որ պետությունը պարտավոր է ուշադիր լինել մարդկանց կարիքների նկատմամբ։ Նրա պնդմամբ՝ ինքն ինքնուրույն է որոշել դիմել այս քայլին և իրեն միանալու կոչեր չի անում։
Գրիգորյանը հացադուլը սկսել է հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ին՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին հարակից պուրակում, որտեղ նաև գիշերել է։