Home / Բնապահպանություն / Սիգը բռնվեց, ապօրինի բիզնեսը դեռ պլստում է

Սիգը բռնվեց, ապօրինի բիզնեսը դեռ պլստում է

ԶԼՄ հրապարակումների հիման վրա Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություն է կատարել ձկնորսության և սիգի օգտագործման ոլորտում․ վերջինիս որսի արգելված լինելու պայմաններում հայտնաբերվել է 2017-2018 թթ. պահածոյացման, արտահանման և այլ նպատակներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր։ Սիգի ապօրինի որսի և իրացման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

Դատախազության հաղորդագրությունում խոսք է գնում երեք ՍՊ ընկերությունների մասին (ընկերությունների անունները նշված չեն), որոնցից մեկը գործում է Գեղարքունիկի մարզում, մյուսը՝ Արարատի մարզում, երրորդը՝ Սիգը արտահանում է Ռուսաստան (որտեղ է գործում՝ այս դեպքում նշված չէ)։ Վերոհիշյալ ընկերությունների մոտ դատախազությունը հայտնաբերել է 38 587 կիլոգրամ սիգի իրացման փաստեր։ Հարուցվել է քրեական գործ։ 

Ում են պատկանում վերոհիշյալ ընկերությունները և կոնկրետ որ ԶԼՄ հրապարակումների վրա է հիմնվել դատախազությունը, մնում է անհայտ։ Ավելի վաղ՝ հուլիսի 15-ին, Փաստերի ստուգման հարթակը հետաքննություն էր հրապարակել, համաձայն որի

սիգի արդյունահանմամբ զբաղվող ընկերություններից մեկը պատկանում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին («Գալիլիա» ՍՊԸ)։ Ինչպես է նախկին ոստիկանապետի զոքանչը ձեռք բերել ապօրինի գործունեությամբ զբաղվող այս ընկերությունը, ստույգ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ 2014-2017 թթ. նույն «Գալիլիա» ՍՊԸ-ը տնօրենինվել է Վահե Գուլանյանի կողմից, ով այժմ պետական «Սևան ազգային պարկի» տնօրենն է։

Հիշեցնենք նաև, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր Սևանալճի համալիր տեսչական ստուգում, որը, մասնավորապես, պետք է ուսումնասիրեր և բացահայտներ սիգի շրջանառության հետ կապված մի շարք հարցեր։ Համալիր տեսչական ստուգումը, սակայն, Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո չեղարկվել է կամ հետաձգվել անհայտ ժամկետով։ Գրիգորյանը վերջերս՝ մեկնաբանելով Սևանի ճահճացման խնդիրը, կրկին անդրադարձել էր սիգի շրջանառությանը՝ կապելով այն բնապահպանության ոլորտում համակարգային կոռուպցիայի հետ։

«Սիգի պահածոներին անդրադառնալով՝ [բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը] նշեց, որ եթե կան այդպիսի տվյալներ, ապա թող հաղորդում ներկայացվի ոստիկանությանը: Հիշեցնեմ, որ դեռևս հունվարին այդ փաստերը ներկայացրել եմ անձամբ ոստիկանապետ Օսիպյանին՝ իր տեղակալի, բնապահպանության նախարարի ու այլ պաշտոնյաների ներկայությամբ: Փաստենք, որ նախարարությունն իր պատասխանատվության տիրույթում գտնվող այս հարցը կարգավորելու շուրջ որևէ քայլ չի ձեռնարկել: <…>

Պարզապես պետք է ինչ-որ կերպ հիմնավորեն, որ պահածոյացված ձուկը գնվել է ոչ թե տեղում՝ ազգային պարկի պատասխանատուներից, որոնք այդ նույն նախարարության կառուցվածքային ստորաբաժանումն են, այլ մայթին ձուկ վաճառող Վարդուշ տատիկից: <…> Հետաքրքիր է, իսկ Վարդուշ տատիկը որտեղի՞ց է այդքան ձուկը ձեռք բերել, միգուցե արտակարգ աշխատող ներքին ցանցային համակարգի՞ց, որ հաստատված երթուղիներով ամեն օր հասցնում են իրենց «տոչկաներին»: Մնաց մեկ բան էլ հասկանանք ու վերջ․ ովքե՞ր են սիգի պահածո արտադրող ընկերությունների հիմնադիրներն ու տնօրենները: Տեսնես բնապահպանության նախարարության կամ ոստիկանության համակարգի հետ առնչություն ունե՞ն» – նշված էր Գրիգորյանի հրապարակման մեջ։

Tekali Taxi