Հուլիսի 19-ին, ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի 52/1 տան բնակիչ՝ 61-ամյա Անժելա Ք.-ն է, վիրավորն էլ նույն տան բնակիչ՝ 59-ամյա Գասպար Ա.-ն: Գասպար Ա-ն և Անժելա Ք.-ն ամուսիններ են, և նրանց դանակով մի քանի հարված է հասցրել նրանց որդին՝ 27-ամյա Արման Ա.-ն: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին, որ Արմանը դանակով հարվածներ է հասցրել ծնողներին, որից հետո ինքնավնասում է արել, և նրան տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները: Երբ ոստիկանները մոտեցել են նրան, նա արյունոտ դանակը վեր է բարձրացրել ու չիմանալով, որ եկողները ոստիկանության ծառայողներ են, ասել է. «Ինձ էս դիրքով մի քանի հատ նկարեք», և ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել դանակն ու տեղափոխել հիվանդանոց: Հայրն ու որդին հիվանդանոցում են և Երևանի 1-03 շտապօգնության ու Էրեբունու բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրանց կյանքը փրկել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով: Արման. Ա-ն ձերբակալված է։