Home / Հայաստան / Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, նրա որդու և փեսայի դեմ քրգործը կարճվել է

Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, նրա որդու և փեսայի դեմ քրգործը կարճվել է

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի, նրա որդու և փեսայի մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայում վիճաբանություն եւ ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ իրեն ծեծի է ենթարկել ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի տղան՝ Խաչիկ Երանոսյանը և փեսան՝ Ժորա Սարուխանյանը։ Վերջիններս, տուժողի փոխանցմամբ, իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, ով այդ ամենին ականատես է եղել:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Լեւոն Երանոսյանի որդուն ու փեսային, Լեւոն Երանոսյանն ուներ վկայի կարգավիճակ։

Քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք, որ գեներալ-մայոր Երանոսյանը մեկ այլ քրեական գործի շրջանակներում մեղադրվում է անցած տարի հեղափոխության օրերին՝ ապրիլի 16-ին և 22-ին Երևանում «Զարյա» տեսակի ութ լուսաձայնային նռնակ կիրառելու, իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի, Երանոսյանի գործողությունների հետևանքով տուժել են երկու տասնյակից ավել ցուցարարներ: