Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքը։
2018 թվականի հուլիսի 30-ին կալանք էր դրվել սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակիորեն բավարարեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի կալանքը վերացնելու վերաբերյալ բողոքը՝ արձանագրելով, որ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու 2018 թ. հուլիսի 30-ի որոշմամբ խախտվել է նրա իրավունքը, միևնույն ժամանակ՝ չպարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել խախտումը: Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ՝ պնդելով, որ կալանք դնելու մասին որոշումն օրինական է և իրավունքների խախտում չի պարունակում: Վերաքննիչը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժեց Դատախազության բողոքը՝ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը ուժի մեջ: