Home / Ապատեղեկատվություն / Ինչու լուրեր չկարդալ

Ինչու լուրեր չկարդալ

(Ռոլֆ Դոբելիի «Խելացի գործելու արվեստը» գրքից)

Երկրաշարժ Սումատրայում, ավիաաղետ Ռուսաստանում, տղամարդը 30 տարի շարունակ դստերը պահել է նկուղում, մոդել Հայդի Քլումը բաժանվել է ամուսնուց, ռեկորդային աշխատավարձ գերմանական բանկերից մեկում, մահափորձ Պակիստանում, Մալիի նախագահը հրաժարական է տվել, գնդի նետման համաշխարհային նոր ռեկորդ է գրանցվել. պե՞տք է, որ մենք այս ամենի մասին իմանանք։

Մենք այնքան լավ ենք տեղեկացված, այնուամենայնիվ, այնքան քիչ բան գիտենք։ Ինչո՞ւ։ Որովհետև ավելի քան 200 տարի առաջ հորինել ենք գիտելիք ստանալու թունավոր մի միջոց, որն անվանում ենք «մեդիա». լուրեր ողջ աշխարհից։ Լրատվական նորությունը հոգու համար նույնն է, ինչ շաքարը մարմնի համար։ Սկզբում՝ ախորժալի և դյուրամարս է, իսկ երկարաժամկետ օգտագործումը՝ շատ վնասակար։

3 տարի առաջ մի փորձ սկսեցի։ Որոշեցի այլևս ոչ մի նորություն չսպառել։ Առանց բացառության հրաժարվեցի տպագիր թերթերից և բաժանորդագրություններից, հեռուստացույցը և ռադիոն տնից հանեցի,  iPhone-իցս ջնջեցի բոլոր մեդիա հավելվածերը, սկսեցի ոչ մի անվճար թերթ չվերցնել, գիտակցաբար գլուխս շուռ էի տալիս, երբ թռիչքի ժամանակ մեկը, դիմացս նստած, թերթը բացած, կարդում էր։

Առաջին շաբաթները դաժան էին։ Շատ դաժան։ Անընդհատ վախ ունեի ինչ-որ բան բաց թողնել։ Բայց որոշ ժամանակ անց կյանքի մի նոր զգացողություն հայտնվեց։

3 տարի հետո ունեցած արդյունքս. պարզ միտք, արժեքավոր տեսակետներ, շատ լավ որոշումներ և շատ ու շատ ժամանակ։ Իսկ ամենալավը՝ դեռ երբեք ոչ մի կարևոր բան բաց չեմ թողել։ Իմ սոցիալական ցանցն այլևս Facebook-ը չէր, այլ իսկական էր՝ կազմված միս ու արյուն ունեցող ընկերներից և ծանոթներից։

Տասնյակ պատճառներ կան՝ ինչու հրաժարվել լուրեր կարդալուց։ Ներկայացնում ենք առաջին երեքը։

Առաջին. մեր ուղեղն անհամեմատ ուժեղ ռեակցիա է տալիս սկանդալային, շոկային, անձնական, աղմկահարույց, արագ փոփոխվող նորություններին և անհամեմատ թույլ՝ աբստրակտ, բարդ և իմաստալից տեղեկատվությանը։ Լուր արտադրողները դա օգտագործում են։ Կլանող պատմությունները, աղաղակող նկարները, սենսացիոն «փաստեր»-ը գրավում են մեր ուշադրությունը։ Ահա այսպես է աշխատում բիզնես մոդելը. գովազդը, որը ֆինանսավորում է այս լրատվական կրկեսը, միայն այն ժամանակ է վաճառվում, երբ այն դիտվում է։ Արդյունքը՝ ամեն ինչը, որը խորն է, համալիր, աբստրակտ և խորիմաստ, սիստեմատիկ կերպով թաքցվում է, չնայած այդ բովանդակությունները և տեղեկատվությունները մեր՝ կյանքը և աշխարհը հասկանալու համար շատ ավելի կարևոր են։

Լուրերի այդքան տարափի հետևանքով մեզ թվում է, որ մենք սխալ, ռիսկային վիճակում ենք։ Լուրեր սպառողները երևույթների մեծ մասն ամբողջությամբ սխալ են գնահատում։ Այն ռիսկերի մասին, որոնք դուք մեդիայում կարդում եք, դրանք իրական ռիսկեր չեն։

Երկրորդ. նորություններն անկարևոր են։ Հնարավոր է՝ Դուք վերջին 12 ամսվա ընթացքում կուլ եք տվել 10 հազար լուր, մոտավոր 30 պաշտոնական հաղորդագրություն ։ Ազնի՛վ եղեք, ցո՛ւյց տվեք դրանցից մեկը, որը, եթե չկարդայիք, չէիք կարող կարող Ձեր կյանքի, բիզնեսի, կարիերայի վերաբերյալ ճիշտ որոշում կայացնել։ Դեռ ոչ մեկը, ում այս հարցը տվել եմ, չի կարողացել 10 հազար լուրի մեջ 2-ից ավելին նշել։ Խղճուկ տոկոսային հարաբերություն։

Լրատվական կազմակերպություններն ուզում են Ձեզ վստահեցնել, որ նրանք Ձեզ համար մրցակցային առավելություն են ապահովում։

Իրականում նորությունների սպառումը ոչ մի մրցակցային առավելություն չի տալիս, այլ՝ հակառակը։ Եթե նորությունների սպառումը մարդկանց իրոք օգներ, լրագրողները միանգամից կհարստանային։ Բայց այդպես չի լինում։

Երրորդ. ժամանակի իզուր վատնում։ Միջին վիճակագրական մարդը շաբաթվա մեջ կես աշխատանքային օր է ծախսում լուրեր կարդալու վրա։ Եթե գլոբալ նայենք, մարդու արդյունավետ աշխատանքի համար դա վիթխարի կորուստ է։

Վերցնենք 2008 թվականի Մումբայի ահաբեկչական ակտը։ Ահաբեկիչները մի քանի վայրկյանում 200 մարդու կյանք խլեցին։

Պատկերացրեք, որ 1 միլիարդ մարդ միջին հաշվով 1 ժամ իր ուշադրությունն այդ ողբերգության վրա կենտրոնացնի. սկսի այդ ահաբեկչության վերաբերյալ լուրերին հետևել, հեռուստատեսությամբ տարբեր «փորձագետների» և «մեկնաբանների» շաղակրատանքներ լսի։  Եթե 1 միլիարդ մարդ 1 ժամով այդ լուրի վրա խորանա, արդյունքում կունենանք 1 միլիարդ ժամ։ Այսինքն՝ ստացվում է, որ լուրերի սպառման արդյունքում մոտավոր 2000 մարդու կյանք է ոչնչանում և տուժում, մոտավորապես 10 անգամ ավել, քան այդ ահաբեկչության ժամանակ։ Իհարկե սա սարկազմ է, սակայն  ճիշտ դիտարկում է։

Չե՞ք պատկերացնում Ձեր գոյությունն առանց լուրերի։ Ասենք թե չգիտեք, որ ինչ-որ ինքնաթիռ Սիբիրում վթարի է ենթարկվել, սակայն ավելի խորն եք հասկանում աշխարհում տեղի ունեցող երևույթները։ Մի՛ վախեցեք Ձեր՝ «լուրերի դիետայի» մասին մյուսների հետ խոսելուց, մյուսները կարող են սկսել ոգևորությամբ Ձեզ լսել։ Կարճ ասած՝ հրաժարվեք լուրերի սպառումից, ամբողջությամբ հրաժարվեք։ Դրա փոխարեն կարդացեք ավելի երկար, համապարփակ,  խորը վերլուծություններ և գրքեր։ Աշխարհն ընկալելու և հասկանալու համար ավելի լավ բան չկա, քան գիրքը։

գերմաներենից թարգմանեց Շահանե Խաչատրյանը