Վերջին 20 տարում գրանցված 327 սպանության դեպք դեռևս բացահայտված չէ։ Այս մասին իմանում ենք ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի՝ 2019 թ․ հունիսի 24-ի գրությունից, որն ուղարկվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի հարցմանն ի պատասխան։
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և կասեցված քրեական գործերի մասին իրավապաշտպանները ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն հարցում են ուղարկել 2017 և 2019 թթ․-ին։ Առաջին դեպքում տեղեկատվություն են ստացել 1992-2016 թթ․-ի համար, իսկ այս տարվա հարցմանը՝ 1998-2018 թթ․-ի համար։
Հետաքրքիր է, որ 1998-2016 թթ․-ի համար երկու տարիներին ստացած տվյալները իրարից տարբերվում են և եթե որոշ տարիների համար 2019 թ․-ին ավելի փոքր թիվ են ներկայացրել, ապա 2016թ․-ի համար պատկերը հակառակն է․ 2017-ին ստացած տվյալներով՝ 2016-ին գրանցված սպանության 9 դեպք չի բացահայտվել, իսկ 2019-ին տեղեկատվություն են տվել 18 չբացահայտված սպանության մասին։
Չբացահայտված սպանությունների ամենամեծ թիվը գրանցվել է 1992 թ․-ին՝ 166 դեպք։
Թե ինչ հանգամանքներում են տեղի ունեցել այս սպանությունները, ինչ դրդապատճառներով և ինչ հիմքերով են կասեցվել, իրավապաշտպանները տեղեկություն չունեն։
Հայտնի չէ նաև՝ սպանությունները բացահայտելու ուղղությամբ պետությունը պատշաճ քննություն իրականացրել է, թե՝ ոչ։ Եվ քանի դեռ սպանության այդ դեպքերը մնում են չբացահայտված, շարունակում են մնալ խախտված այդ մարդկանց և նրանց հարազատների կյանքի իրավունքը, և պետությունը շարունակում է չկատարել իր պարտավարությունները։
Վերջերս հայտնի դարձավ 25 տարի առաջ կատարված սպանության գործի վերաբացման մասին՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով։ Արդյո՞ք նման բնույթի այլ գործեր չկան։
Մի բան հստակ է․ չբացահայտված սպանությունների այսպիսի մեծ թիվը նպաստում է անպատժելիությանը և մարդու խախտված իրավունքների չվերականգնմանը, նշվում է ՀՔԱՎ-ի կայքում հրապարակված հոդվածում։
Քաղաքացիական հասարակության կողմից առաջարկվող անցումային արդարադատության համատեքստում պետք է նաև այս հարցերը քննարկման առարկա դառնան։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն մարդու իրավունքների կոպիտ խախտումների ուղղությամբ անպատժելիության վերացման վերաբերյալ ուղեցույցում անդրադառնում է այս հարցին և նշում, որ անպատժելիությունը կարող է հանգեցնել հանցագործության կրկնության։
Այս համատեքստում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է համարում կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու, ստրկությունից և հարկադիր աշխատանքից զերծ մնալու, ազատության և անձնական անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները և այս իրավունքների խախտումներով անպատժելիության կանխարգելման մեխանիզմներ առաջարկում։
Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով անպատժելիության վերացմանն է անդրադարձել նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 2005 թ․-ի դեկտեմբերի 16-ին ընդունված բանաձևով։
ՀՀ քրեական օրենսգիրքը խոշտանգումներն արգելող հոդվածով լրացվել է 2015թ․-ին, սակայն մինչ օրս այդ հոդվածով դատապարտման որևէ դեպք չի գրանցվել։
Քանի դեռ այս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ պետությունը հավաստի տեղեկություններ չի տալիս իր գործադրած ջանքերի մասին, քանի դեռ բացահայտված չեն դրանք, շարունակում են խախտված մնալ նաև տուժածների ընտանիքների անդամների իրավունքները։
Մարդկանց արժանապատվության նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի, բռնության դեպքերի վիճակագրության բացակայության պայմաններում ևս անցումային արդարադատության ինստիտուտը կարող էր հնարավորություն տալ ամբողջացնելու նման դեպքերի պատկերը։