Home / Հայաստան / Երևանն արդարացնում է Փաշինյանի ագրեսիվ հայտարարությունը համահայկական միասնության օրակարգով

Երևանն արդարացնում է Փաշինյանի ագրեսիվ հայտարարությունը համահայկական միասնության օրակարգով

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանական գործընկերների հայտարարությանը, կապված օգոստոսի հինգին Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

Ադրբեջանի ԱԳՆ․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է», հակասում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ոգուն և էությանը։

Փաշինյանի ագրեսիվ հայտարարությունը բացահայտ կերպով հակասում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, այդ թվում՝ վերջին հանդիպումների ընթացքում կայացած քննարկումների ոգուն և էությանը։

Այդ հայտարարությամբ Փաշինյանը հարված է հասցնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցային պրոցեսին։

Հայաստանի քաղաքական առաջնորդի հայտարարությունը չի համապատասխանում նաև Երևանի հնչեցրած «հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման» կոչին։ Փաշինյանը Խանքենդիում ցույց տվեց իր իսկական դեմքը։

Փաշինյանի պոպուլիստական հայտարարությունները, որոնք «հեռու են իրականությունից», խոսում են այն մասին, որ Հայաստանի վարչապետն անտեղյակ է համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներից և մատնանշում են նրա անօգնականությանը։.

Չնայած այն բանին, որ հայտարարությունը նախատեսված էր ներքին լսարանի համար, դա Հայաստանի վարչապետին հիմքեր չի տալիս մտքեր հնչեցնել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանը Հայաստանին բռնակցելու վերաբերյալ։

Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները զբաղված են սեփական ժողովրդին կեղծ խոստումներով մոլորեցնելով։ Հայաստանը կրում է տարածաշրջանում լարվածություն մտցնելու, էթնիկ զտումների քաղաքականության հարյուր հազարավոր զոհերի հիմնարար իրավունքների ոտնահարման, հակամարտության խաղաղ կարգավորմանը հարված հասցնելու և, արդյունքում, նման իրավիճակ ստեղծելու ողջ պատասխանատվությունը»։

Օգոստոսի հինգին Լեռնային Ղարաբաղ այցելության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը մեգանախագիծ է մտածել, որի համաձայն, մինչև 2050 թվականը պետք է երկրի բնակչությունը հասցնել 5 մլնի, ստեղծել 1.5 մլն նոր աշխատատեղ, 2.5 մլն մարդու համար լուծել զբաղվածության հարցը, վերացնել աղքատությունը։ «Մենք պատրաստվում ենք 15-ապատկել Հայաստանի Համախառն Ներքին Արդյունքը, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող սթարտափ: Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը: Շատերդ կարող եք հարցնել, իսկ ինչու Ղարաբաղը չկա այդ նախագծում։ Պատասխանը շատ պարզ է․ Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։

Հայաստանի ԱԳՆ․ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի  հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին  հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը։ Հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները դատապարտելի են և վկայում են Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ առկա անհանդուրժողականության և ատելության մշակույթի մասին, որն ուղղորդվում և խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն մերժում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և վերջիններիս կողմից ընտրված իշխանությունների հետ որևէ ուղղակի ներգրավվածության հնարավորությունը, որոնք էթնիկ զտումներ և այլ զանգվածային վայրագություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղում 1990-ականներին և 2016թ․ ապրիլին, ովքեր հետևողականորեն որդեգրել են ատելության քաղաքականություն, այդ թվում հայերին սպանած մարդասպանների հրապարակային հերոսացման միջոցով, անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի անվտանգության և գոյության համար վտանգներ ստեղծելու համար։

Հայաստանի Հանրապետությունը մնում է Արցախի ժողովրդի միակ երաշխավորը՝ նրա անվտանգության, ազատության,  մարդու անօտարելի իրավունքների՝ ներառյալ զարգացման և ինքնորոշման իրավունքի ապահովման գործում։ Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի համատեքստը և բովանդակությունը, որն անդրադարձել է  Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը։

Ավելին, ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հետևողականորեն չեն կարողացել փոխադարձել իրենց պատրաստակամությունը և կարողությունը՝ հասնելու բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման: Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր առավելապաշտական պահանջներին, որոնք ուղեկցվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով, շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, անտեսում է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը և մերժում բոլոր կողմերի համար ընդունելի ցանկացած լուծում: Նման մոտեցումները հետևողականորեն արտացոլվում են Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններում:

Խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, ինչը հստակորեն արտացոլված է ՀՀ վարչապետի վերոնշյալ ելույթում: Հայաստանը հաստատակամ է հասնելու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մերժելով ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում, ինչպես հաստատակամ է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովրդի անվտանգությունը»։