Վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը, այդ թվում՝ «Ֆեյսբուք» սոցցանցի իր պաշտոնական էջում։ Նախկինում էլ բազմիցս հայտարարել էր Ղարաբաղի՝ բանակցային գործընթացում ներգրավվելու անհրաժեշտության մասին։ Փաստացի Լեռնային Ղարաբաղը քաղաքական ղեկավարություն ունի, նախագահ ու ԱԺ։ Հայաստանցիները չեն մասնակցում Ղարաբաղում անցկացվող ընտրություններին, Ղարաբաղի բնակչությունը՝ հայաստանյան ընտրություններին։ Արդյոք կարիք չկա զրուցելու Ղարաբաղի և Հայաստանի բնակչության՝ այս խնդրի վերաբերյալ ցանկությունների մասին, և առհասարակ այս թեման վերհանել։ Ինչպես նաև այն, թե գոնե Հայաստանի և Ղարաբաղի բնակչության համար ո՞րն է նախընտրելի տարբերակը։ Եվ, գուցե, այս ամենը հստակեցնելուց հետո նմանատիպ հարցեր ի հայտ չեն գա։ Մյուս կողմից, կա մեկ այլ հանգամանք՝ Ադրբեջան, որի հետ Հայաստանի ղեկավարությունը բանակցություններ է վարում։ Ինչքանո՞վ է երկրի ղեկավարի կողմից «Արցախը Հայաստան է և վե՛րջ» օգտագործվող կարգախոսը տեղավորվում բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։ Այդ թեզն օրենքով ամրապնդված չէ։ Կարո՞ղ է ՀՀ քաղաքացին ենթադրել, որ երկրի ղեկավարի կողմից արտահայտված այդ միտքն ինչ֊որ հետագա գործողությունների է տանում, միգուցե՝ հանրային քննարկումներ, հանրաքվե։ Եթե այո, միջազգային հանրության արձագանքից է՞լ ենք տեղյակ, թե՞ Ստեփանակերտի հրապարակի ոգևորիչ մթնոլորտը թույլ է տալիս վարչապետին ղեկավարվել «մենք մերոնցով ենք» սկզբունքով։ Ի դեպ, նույն հարցերն են ծագում, երբ խոսվում է Լեռնային Ղարաբաղի՝ չճանաչված պետություն լինելու մասին, ինչը, կարծես, փաստ է։ Ինչպես փաստ է նաև Ղարաբաղի՝ Հայաստանի մաս փաստացի չլինելը։ Epress.am-ը փորձեց կապ հաստատել Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, սակայն չստացվեց։ Թեմայի շուրջ թղթակիցը զրուցեց «Իմ Քայլ»-ը դաշինքի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանի հետ։
Զոլյանի կարծիքով, այս հարցերը շատերի մոտ են առաջանում.
– Ես կարծում եմ, որ հակասություն այստեղ չկա։ Երբ մենք խոսում ենք Արցախի մասին որպես Հայաստանի մաս, մենք նկատի ունենք երկիրը․ աշխարհագրական, մշակութային միավոր՝ Հայաստան երկիր, որի մաս է նաև Հայաստանի Հանրապետությունը։
Կարծում եմ, այս իմաստով է, որ աշխարհի հայերի 99.9 տոկոսը համարում է, որ Արցախը Հայաստան է, և այստեղ նորություն, իհարկե, չկա, այդ թվում նաև արտաքին աշխարհի համար։ Եթե կան մարդիկ, հատկապես միջազգային շրջանակներում, որ կարծում են, թե հայերը չեն համարում, որ Արցախը Հայաստան է, Հայաստան երկրի մաս, նշանակում է՝ նրանք լավ չեն պատկերացնում՝ ինչ տրամադրություններ կան հայ հասարակության մեջ։ Իշխանությունները, նախկին իշխանությունները, նշանակում է, այդքան էլ լավ չեն ներկայացրել այն, ինչ նկատի ունեն իրենց ընտրողները։
Նիկոլ Փաշինյանի ելույթը, ամեն դեպքում, կառուցված է այն տրամաբանությամբ, որ Արցախը՝ լինելով Հայաստան երկրի մաս, նաև առանձին պետական միավոր է՝ Արցախի Հանրապետություն, որն ունի իր նախագահը, կառավարությունն ու Ազգային ժողովը։ Հենց Նիկոլ Փաշինյանն իր ելույթի մեջ դիմում էր այդ պաշտոնյաներին, խոսում էր ընտրությունների մասին, այսինքն՝ ամբողջ ելույթից հստակ երևում էր, որ նա ընդունում է Արցախի Հանրապետությունը որպես պետական միավոր։ Այսինքն՝ անհրաժեշտ է այսպիսի մի բաժանում դնել․ մի բան է երկիր որպես քաղաքական, պետական միավոր, և այս դեպքում, իհարկե, կա Արցախի Հանրապետություն և կա Հայաստանի Հանրապետություն, մեկ այլ բան է՝ Հայաստան երկիր, այսինքն՝ մեր հայրենիքը, և այստեղ Փաշինյանը արտահայտում է իր ընտրողների և առհասարակ՝ Հայաստանի բնակչության մեծամասնության կարծիքը։
Նույն Փաշինյանը ասել է, որ հակամարտության լուծումը պետք է լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հասարակությունների համար ընդունելի տարբերակի շրջանակներում։ Հիմա Հայաստանի և Արցախի հասարակությունները, Հայաստանի և Արցախի հանրապետությունների քաղաքացիները համարում են, որ այսպես է։ Հայաստանն ու Արցախը Հայաստան երկրի մասեր են։ Ադրբեջանի հասարակությունն այլ կերպ է համարում, և հենց դրա համար է, որ պետք են բանակցություններ, պետք է հակամարտության կարգավորում։
Ավելի ընդհանուր եթե խոսենք, բանակցային գործընթացում անկեղծությունը կարևոր է։ Ես միանշանակ դեմ եմ ագրեսիվ հայտարարություններին, բռնության կոչերին և այլն, և միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ կարևոր է հստակ արձանագրել այն դիրքորոշումը, որն ունի այս հակամարտության մի կողմը, և դա պետք չէ թաքցնել։
Եթե փորձել ի մի բերել այս ամենը, ստացվում է հետևյալ պարզ տրամաբանությունը․ եթե մենք խոսում ենք պետական միավորների մասին՝ Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունն է, Արցախի Հանրապետությունը՝ Արցախի Հանրապետությունն է, և այստեղ խառնաշփոթի հիմքեր չկան։ Եթե մենք խոսում ենք երկրի մասին որպես աշխարհագրական, մշակութային հասկացություն, ապա այս ամենը Հայաստանն է։ Թվացյալ այս հակասությանը և դրա լուծմանը պետք է ժողովրդավարական սկզբունքներով մոտենալ․ արդյո՞ք Արցախի քաղաքացիները ընտրում են Հայաստանի վարչապետին։ Ոչ։ Արդյոք Հայաստանի վարչապետը, որին Արցախի քաղաքացիները չեն ընտրում, կարող է ներկայացնել նրանց։ Ոչ։ Արցախի քաղաքացիների ներկայացուցիչները Արցախի Հանրապետության ընտրովի պետական պաշտոնյաներն են։ Իրավական առումով պետք է որ այստեղ հակասություններ չլինեն, որովհետև տրամաբանությունը առավել քան հստակ է։