Home / Մարզեր / Վարչապետը դեռ փորձում է համոզել ջերմուկցիներին և մնացածին (թարմացված)

Վարչապետը դեռ փորձում է համոզել ջերմուկցիներին և մնացածին (թարմացված)

Օգոստոսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ։ Այցը զուգորդվում էր տեղացիների երթով՝ «Ավինյան, հեռացիր», «Ամուլսարը՝ միայն սար» կարգախոսներով։ Տեղացի տնտեսվարող Նարեկ Միրզոյանն ուղեկցեց պաշտոնյային քաղաքի հյուրանոցներից մեկը և պատմեց, թե ինչ կկատարվի՝ Ամուլսարի հանքը շահագործելու պարագայում։

15։52 Վարչապետի Փաշինյանի հետ փակ հանդիպումից հետո ջերմուկցիները մանրամասներ ներկայացրին քննարկումից, որի ընթացքում, ըստ նրանց, որևէ նոր կամ գաղտնի տեղեկություն չի հնչել։ Մասնակիցներն այն եզրահանգման են եկել, որ կառավարությունն իրավական հիմքեր է ուզում, որոնք տվյալ պահին դեռ չկան, «բայց ամեն պահի կարող են առաջանալ»։ Տեղացի Ահարոն Արսենյանի խոսքով՝ այժմ իրենք Շրջակա միջավայրի նախարարության հետազոտության արդյունքների են սպասում, և վստահ են, որ աշխատանքը պատշաճ կերպով կկատարվի։

14։41 Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ևս դիմել էր Փշինյանին․ «Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-ից 20 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի։ Ինչ փորձագիտական եզրակացություն էլ փորձեն անել, հնարավոր չէ՝ այդ փոշին քաղաքի վրա չանդրադառնա։ Էլ չեմ ասում հանքաքարի փոխադրումը, գրունտային ճանապարհները, աղմուկը։ Այս քաղաքը ժամանակակից քաղաք է, միջնադարյան քաղաք չէ, 1930-ական թվականներին են այս քաղաքը կառուցել ջրի վրա։ Ու Հայաստանում միակ կուրորտն է եղել, որ միութենական նշանակություն է ունեցել։ Այսինքն՝ որպեսզի այս քաղաքը որպես կուրորտ գոյություն ունենա, իր շրջակա միջավայրը պետք է նպաստավոր լինի»։

Բնակիչներն ամեն կերպ փորձում էին վարչապետին հասցնել իրենց՝ հանքարդյունաբերությանը դեմ լինելու դիրքորոշումը և համոզում, որ իրենք գտել են Ջերմուկում տնտեսությունը ճիշտ կառուցելու ձևը․ դա, ըստ նրանց, զբոսաշրջությունն է։

Երթին մասնակցած կանայք նշում էին, որ տպավորություններով հնարավոր կլինի կիսվել, երբ վարչապետը հանդես գա ուղերձով․ «Էս ընթացքում ինքը մտել է մի քանի բնակարան, խոսել տեղացիների և հանգստացողների հետ, այցելել Ջերմուկի նորաբաց հյուրանոցը։ Նորաբաց հյուրանոց է, 4 կամ 5 միլիոն դոլարի ներդրում են կատարել, ամեն դեպքում, հանքի բացմամբ բիզնեսմենների կատարած ներդրումները ևս տուժելու են, իսկ այդ հնարավոր վնասի հաշվարկը որևէ կերպ չի արվել, ընդհանրապես»։

Ջերմուկի բնակարաններից մեկում Փաշինյանին ևս համոզում էին, որ հանքը պետք չէ շահագործել։ Վարչապետի հարցին՝ եթե պարզվի, որ վնաս չի լինելու, ջրերն էլ չեն աղտոտվելու, կարելի՞ է շահագործել, բնակիչն ասաց, որ չի կարծում, թե այդպես հանարվոր է՝ 100 տոկոսով պարզել, որ բնությանը վնաս չի հասցվելու։ Նա մնաց իր կարծիքին այն մասին, որ հանքը չպիտի շահագործվի:

Ելույթ ունենալով Տաքսիների կանգառ հրապարակում, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Էս ողջ պատմության մեջ միակ դիսկոմֆորտը հետևյալն է, որ մենք իքս պահից արդեն չենք լսում՝ իրար ինչ ենք ասում։ Դա էսօրվա ամենամեծ պռոբլեմն է։ Ես ասում եմ՝ ձեր գրած բոլոր նամակները, ձեր հղած բոլոր ուղերձներն անձամբ, ես չեմ ասել «կարդացեք, ինձ զեկուցեք», անձամբ կարդացել եմ՝ հարյուրավոր էջերով, հուլիս-հունիսին։ Եվ ասում եմ՝ էս քրեական գործը որ հարուցվել է, հարուցվել է իմ նախաձեռնությամբ։ Միջազգային փորձաքննությունը եղել է  իմ նախաձեռնությամբ, և դա ձեր առաջ իմ ստանձնած պարտավորությունն է եղել, ճի՞շտ է։

«Էլարդի» եզրակացությունը կա և դրա հետ կապված տարբեր բաներ կան․․․ Պաշտոնական եզրակացությունն էն ա, որ Ջերմուկի հետ կապված վնաս չկա՝ հանքային ջրերի, Սևանի հետ կապված վտանգ չկա, էդ կարդացել եք, գիտեք, որ հավելյալ, լրացուցիչ միջոցները որ կիրառվեն…»:

Հավաքվածներն սկսեցին անվստահություն հայտնել եզրակացության հետ կապված։ «Ձեր ասած հարցին անդրադառնամ՝ «բա էնտեղ էս մի բանը սենց ա գրած, բա էստեղ էն մի բանը նենց ա գրած, – պատասխանեց Փաշինյանը։ – Խոսքն ինչի՞ մասին ա։ Խոսքը «Էլարդի» գրած եզրակացության մեկնաբանության մասին ա։ Հիմա կա մեկնաբանություն կամ քննության արդյունքներով ձեռքբերված, կա դրա մեկնաբանության խնդիր։ Հիմա քանի որ սրա շուրջ բանավեճ է առաջացել, ես որոշել եմ, որ հինգշաբթի կամ ուրբաթ «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ մենք ունենալու ենք Սկայպ-կոնֆեռանս, որի ժամանակ ասելու ենք՝ ժողովուրդ ջան, Հայաստանում մեծ բանավեճ ա, թե դուք ինչ եք գրել և որն ա ձեր եզրակացությունը, մի հատ դուք ինքներդ ձեր եզրակացությունն ասեք։ Էդ ամբողջ խոսակցությունը կտեսագրվի և կհրապարակվի, որտեղ, շատ կարևոր բան ասեմ ձեզ՝ ակտիվ, ամենաակտիվ մարդկանց․ ձևակերպեք հարցեր, որոնք ձեզ մոտ ծագում են․․․ Ու կխոսանք, տենանք։ Հույս ունեմ՝ էդ խոսակցությունը չի լինելու նենց, որ Հայաստանի 10 տոկոսը դա մի կերպ մեկնաբանի, չէ, ես խոսակցությունն ինքս կտանեմ և էնպես կտանեմ, որ վերջում հստակ պատասխաններ հնչեն»։

Ելույթից հետո սկսվեց Ամուլսարի պահապանների և Փաշինյանի առանձնազրույցը։