2019 թվականի մայիսի 2-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով տարածել է «Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում» վերնագրով հայտարարությունը: Այս չափազանց խնդրահարույց հայտարարությունը պարունակում է տեղեկատվության մանիպուլացում, ինչպես նաև հարուցում է ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի մասին կասկածներ: Այս կապակցությամբ հարկ ենք համարում շեշտել մի քանի կարևոր կետեր, որոնք վերհանվել են նաև Ամուլսարի պահապանների՝ մայիսի 4-ի տեսաուղերձում:
2018թ. աշնանը Ջերմուկ խոշորացված համայնքում կազմվել է «Ջերմուկ համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագիր, որին միացել են համայնքի շուրջ 3000 անդամներ: 2018թ. դեկտեմբերին հանրագիրը ներկայացվել է համայնքի ղեկավարին ու ավագանուն, ինչպես նաև ՀՀ կառավարությանը: «Հանրագրերի մասին ՀՀ օրենքի» 10-րդ հոդվածի համաձայն՝ Ջերմուկի ավագանին մեկ ամսվա ընթացքում քննարկման է դրել այդ հարցն ու իր համաձայնությունը հայտնել հանրագրում ներկայացված պահանջներին: Իսկ ՀՀ կառավարությունը, խախտելով «Հանրագրերի մասին ՀՀ օրենքը», մինչև օրս պաշտոնապես չի պատասխանել հանրագրին:
Վերոնշյալ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին համապատասխան՝ հանրագիրը կարող է հրապարակվել, եթե կոլեկտիվ հանրագրի բոլոր մասնակիցները ներկայացրել են այն հրապարակելու վերաբերյալ իրենց համաձայնությունը: Ջերմուկցիների հանրագրի պարագայում ոչ բոլոր մասնակիցներն են համաձայնել հանրագրի հրապարակմանը: Հանրագիրը ստացած վերոնշյալ հասցեատերերից ոչ մեկը հանրագիրն ու նրա մասնակիցների անունները չի հրապարակել: Հանրագրի փաստաթղթերում օրենքի պահանջով առկա են ստորագրողների անձնական տվյալներ՝ հասցեներ ու հեռախոսահամարներ, որոնք երրորդ անձանց փոխանցելն իրավաչափ չէ:
Այնուամենայնիվ, Լիդիանի հայտարարությունից լրիվ այլ բան է երևում։ Եթե նրանց հրապարակումը հիմնված չէ կեղծ տվյալների վրա, ապա ակնհայտ է, որ մասնավոր ընկերության, ընդ որում, այս հարցում շահագրգիռ ընկերության ձեռքում են հայտնվել մարդկանց անձնական, ոչ հրապարակային տվյալներ: Այս պարագայում մեր բարձրացրած գլխավոր հարցն է, թե որտեղի՞ց է Լիդիան Արմենիան տիրապետում իր հրապարակած տեղեկություններին և արդյո՞ք դրանք ստացել է օրինական ճանապարհով:
Ինչ վերաբերում է հայտարարության բուն բովանդակությանը․
1․ Լիդիանի հայտարարության մեջ նշվում է, որ հանրագրի ստորագրությունների թիվը ոչ թե շուրջ 3000 է, այլ 2654: Հայտարարում ենք, որ ստորագրությունների թիվը 2919 է, և դրանց կրկնօրինակները պահպանվում են հանրագիրը նախաձեռնող խմբի մոտ ինչպես տպագիր, այնպես էլ՝ էլեկտրոնային տարբերակներով: Չնայած բնակչության իրական թվականակի ուռճացված պաշտոնական տվյալների առկայությանը՝ հայտնում ենք, որ այս թիվը Ջերմուկ համայնքում փաստացի բնակվողների 80%-ից ավելին է։ Հանրագրին միացել են նաև այլ քաղաքներում ժամանակավորապես բնակվող Ջերմուկ համայնքի անդամներ:
2․ Ընկերությունը նշում է, թե առկա են Հերհեր ու Կարմրաշեն գյուղերի բնակիչների ստորագրություններ, որոնք Ամուլսարի ծրագրով ազդակիր համայնքներ չեն ճանաչված: Իրավական առումով այս անգրագետ հայտարարության վերաբերյալ պետք է ասել, որ հանրագիրը Ջերմուկ խոշորացված համայնքի անդամների անունից է, վերաբերում է ընդհանրապես մետաղական հանքարդյունաբերության արգելմանը և ուղղված է իրենց ՏԻՄ-ին ու ՀՀ Կառավարությանը: Ամուլսարի ոսկու ծրագրի ազդակիր ճանաչված լինելը կամ չլինելը որևէ դերակատարություն այստեղ չունի: Իսկ Ջերմուկ խոշորացված համայնքի մեջ են մտնում Ջերմուկ քաղաքը, Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղերը:
3․ Առկա են անչափահասների ստորագրություններ: Հանրագրերի մասին օրենքի համաձայն 14 տարեկանից բարձր անձինք կարող են հանրագիր ներկայացնել առանց օրինական ներկայացուցչի (հոդված 5, կետ 2), ուստի այո, հանրագրին միացել են նաև 14 տարեկան և բարձր անչափահասներ: Սակայն հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Լիդիան ընկերությունը տիրապետում այս տվյալներին և անչափահասների թվին, եթե հանրագրի ֆորմատում մարդկանց ծննդյան թվերը ոչ մի տեղ նշված չեն: Նշանակում է՝ ընկերությունը ոչ միայն ձեռք է բերել մարդկանց անուններն ու հասցեները, այլև փորձել է հետաքննել նրանց ինքնությունները, հայտնի չէ՝ ինչ ճանապարհով, հակառակ դեպքում անչափահասների մասին թիվը օդից վերցված թիվ է:
4․ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ քաղաքացիներից շատերը տեղյակ չեն, թե ինչ են ստորագրել: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Լիդիան ընկերությունը հանգել այս եզրակացությանը, երբ հանրագրի յուրաքանչյուր թերթիկում կա գլխագիր, թե ինչի մասին է այն, և յուրաքանչյուր ստորագրող ոչ միայն իրազեկվել է բանավոր, այլև կարդացել է իր կողմից ստորագրվող թերթիկը: Արդյո՞ք Լիդիանը կապ է հաստատել հանրագիրը ստորագրած անձանց հետ։ Եթե այո, ինչպե՞ս է ընկերությունը դա արել, եթե հայտնի է, որ ընկերությունը չի անցկացրել հանրագրի հավաքագրման գործընթացին նման գործընթաց, երբ ստորագրահավաք իրականացնողները շրջել են տուն առ տուն, բացատրել հանրագրի նպատակը, ստացել բնակիչների ստորագրությունները։ Կարելի է ուրեմն ենթադրել, որ մարդկանց անձնական տվյալները՝ հավանաբար ապօրինի կերպով ձեռք բերելուց հետո, նրանք սկսել են զանգահարել թերթիկներում առկա հեռախոսահամարներով։ Եթե նման բան է կատարվել, ապա դա մասնավոր ընկերության կողմից ապօրինաբար մարդկանց հետապնդելու փորձ է։ Եթե ոչ, ուրեմն ընկերությունը պարզապես տարածել է կեղծ տեղեկատվություն, թե մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, թե ինչ է ստորագրում։
Խնդրում ենք ՀՀ իրավապահ մարմիններին դիտարկել այս հայտարարությունը որպես ահազանգ առերևույթ հանցագործության մասին և պարզել, թե ի՞նչ ճանապարհով է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ձեռք բերել հանրագիրը ստորագրողների անձնական տվյալները: Եթե ընկերության մայիսի 2-ի հայտարարությունը հիմնված չէ հանրագրի թերթիկների ձեռքբերման վրա, ապա պատասխանատվության ենթարկել կեղծ տեղեկություններ հրապարակելու և Հայաստանի քաղաքացիներին ապակողմնորոշելու համար։
Բոլոր անձանց, ում նկատմամբ ճնշումներ են գործադրվել ընկերության կողմից իրենց կամքն ու կարծիքն ազատ արտահայտելու համար, խնդրում ենք կապվել մեզ հետ (էլ․ փոստ՝ [email protected]) կամ այլ եղանակներով բարձրաձայնել այդ մասին:
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]