Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման գործով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին և խոհարարի օգնականին՝
Մեղադրանքն առաջադրվել է քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար, այն է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը», երբ «անզգուշությամբ վնաս է պատճառվել 2 կամ ավելի անձանց առողջությանը»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Դվին» հանդիսությունների սրահից թունավորման ախտանիշներով Գյումրու բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց են տեղափոխվել 47 քաղաքացի (9-ը` մինչև 18 տարեկան), որից 3-ը հոսպիտալացվել է, իսկ 44-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ռեստորանի հետազոտված պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով և սնկով, հավի մսով և եգիպտացորենով, «Կեսար») անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել նաև հիվանդներից վերցված կղանքի և փսխման զանգվածներից: