Ապագա՝ նշանակում է ավելի քիչ աշխատանք։ Սա նոր ողջամիտ գաղափար է, որը վերջին տարիներին առաջացել է ամբողջ աշխարհում։
Գրեթե ամեն շաբաթ աշխարհում որևէ ընկերություն հայտարարում է 4-օրյա աշխատանքային շաբաթի անցնելու մասին, այդ թվում են տվյալների ձևավորման ընկերություններ (օրինակ՝ Normally), մարկետինգային ընկերություններ (օրինակ՝ Pursuit Marketing), հեռախոսակապի կենտրոններ (օրինակ՝ Simply Business) և այլն։ Երկուշաբթիից ուրբաթ աշխատանքային շաբաթը, որը մենք ունենք այսօր, սոցիալական և պատմական կոնստրուկտ է։ Կարող է թվալ, որ ասյօրվա պատկերը բնականոն ընթացքի արդյունք են, բայց 37-ժամյա աշխատանքային շաբաթն իրականում 19-20-րդ դարերի աշխատանքային շարժումների ձեռքբերումն է։ Ամերիկյան աշխատանքային միությունների պայքարի արդյունքում սահմանվեցին հանգստյան օրերը, Ավստրալական միությունների շնորհիվ՝ 8-ժամյա աշխատանքային օրը, իսկ Բրիտանիայի աշխատավոր դասակարգի պայքարի շնորհիվ շաբաթ-կիրակի հանգստյան սկզբունքը վերջնականապես նորմալիզացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Այն մասին, որ քառօրյա աշխատանքային շաբաթվա գաղափարը ռադիկալ մտածողությունից վերածվել է ողջամիտ տնտեսական առաջարկի, վկայում է տնտեսական պատմաբան Ռոբերտ Սկիդելսկու՝ Բրիտանիայի ստվերային կանցլեր Ջոն ՄքԴոնելի հանձնարարությամբ հրապարակած զեկույցը։ Նույնիսկ վերնագիրը՝ «Ինչպես հասնել ավելի կարճ աշխատանքային շաբաթի», հուշում է, որ նպատակահարմարության հարցի փոխարեն այսուհետ քննարկվում է իրականացման ձևը։
Սկիդելսկին Քայնեզյան տնտեսագիտության աշխարհի առաջատար փորձագետներից է և իր զեկույցը գրված է հենց այդ գծի մեջ․ վերադարձնել բարձրներդրումային տնտեսությունը՝ ուժեղ արհմիություններն առաջին տեղ բերելով։ Քայնեզը հայտնի է իր հանրահայտ կանխատեսմամբ, որի համաձայն մինչև 2030 թվականը մարդիկ պետք է (կամ գուցե «լավ կլինի») աշխատեն 15-ժամյա աշխատանքային շաբաթով։ Նա դա բացատրում է ինդուստրիալ զարգացման բնույթով․ արդյունավետ ու օգտակար տեխնոլոգիաների շնորհիվ անհրաժեշտ բարիքներն արտադրելու համար մարդկանցից ավելի քիչ ժամանակ կպահանջվի։
Առանց ճիշտ մշակված քաղաքականության, ավտոմատացումը չի կարող նվազեցնել աշխատանքի անհրաժեշտ տևողութունը։ Վերջին դարի փորձը ցույց է տալիս, որ դա ավելի շուտ տանում է արտադրական ծավալների մեծացմանն ու ձեռնարկատերերի հարստացմանը։ Այս միտումը կշարունակվի, եթե գործող ուղիղ կապեր չստեղծվեն ավտոմատացման ու աշխատողի ազատ ժամանակի մեծացման միջև։