Home / Մարզեր / Վրաստանցի հանքափորները հավատացին խոստումներին

Վրաստանցի հանքափորները հավատացին խոստումներին

Տղիբուլի բողոքի ակցիաները դադարեցրեցին։ Հանքափորներին խոստացան վճարել չվճարված աշխատավարձերը։ Սակայն «Գրուզուգոլ»-ի («Грузуголь») փոխարեն այդ պարտավորությունն իր վրա վերցրեց Steell International trades company-ն։ Այսուհետ այդ ընկերությունն է զբաղվելու Տղիբուլի ածխի արդյունահանմամբ և անելու այն, ինչը չհաջողվեց  «Գրուզուգոլ»-ին՝ ապահովել հանքի անվտանգությունը։

Ավելի քան 30 հանքափորներ, ովքեր ի նշան բողոքի երկու օր գետնի տակ են անցկացրել, բարձրացան վերև։ Բանվորներից մեկի՝ Իրակլի Կիրկիտաձեի խոսքով, բոլորը բժշկական զննություն են անցել, ինքնազգացողությունը բավարար է։ Բողոքի ակցիան դադարեցրել են ղեկավարության հետ համաձայնության գալուց հետո, ավելի ճիշտ՝ նոր ղեկավարության։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան պարզ դարձավ, որ «Գրուզուգոլ»-ը հեռանում է և իր իրավունքներն ու պարտավորությունները փոխանցում է այլ ընկերության։ Այս մասին հայտնեց Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան, ով վարչապետ Գեորգի Գախարիայի հանձնարարությամբ այսօր Տղիբուլ էր ժամանել։

«Էխո Կավկազա»-ի փոխանցմաբ, «Գրուզուգոլ»-ի տնօրեն Ջամբուլ Ջակելին լակոնիկ էր։ Երկու հարցի պատասխանեց՝ ընկերության անվանման ու չափաբաժնի մասին։ Նրա խոսքով, բոլոր իրավաբանական գործընթացներից հետո Տղիբուլի հանքն ամբողջությամբ կդառնա Steell International trades company-ի սեփականությունը։

«Վրաստանի արդյունաբերական խմբում» ավելի վաղ արդեն հայտարարել էին, որ դեմ չեն լինի Տղիբուլի հանքի շահագործման իրավունքն ուրիշին փոխանցել: Նաև պետությանն են առաջարկել։ Կառավարությունն անմիջապես մերժել է առաջարկը։

Էկոնոմիկայի նախարարի տվյալներով, նոր ընկերությունը պատրաստվում է նոյեմբերից շարունակել ածխի արդյունահանումը, իսկ մինչ այդ կզբաղվի անվտանգության միջոցների ապահովմամբ։ Սրա ճշմարտացիությանը կասկածում է Ուսումնասիրությունների ու դիտարկման կենտրոնի ներկայացուցիչ Լելա Գվիշիանին։ Նրա պնդմամբ, Տղիբուլի հետ կապված բոլոր գործընթացները պետք է առավելագույնս բաց անց կացվեն․ «Հանքերի փակման պահից մինչև օրս այս հարցի շուրջ բոլոր որոշումները կայացվել են առանց աշխատակիցների հետ համաձայնեցման։ Թափանցիկություն չի եղել։ Հանքափորները ոչ մի ինֆորմացիա չեն ունենում, մինչև հարցը փակուղու չի հասնում, ինչ էլ հենց եղել էր վերջերս Տղիբուլում»։

Ընդ որում, Լելա Գվիշիանին հավաստիացնում է, որ իշխանությունները պետք է Տղիբուլի զարգացման այլընտրանքային տարբերակ մտածեն։ Հայտնի չէ, թե որքան ածուխ է մնացել և երբ կհասնի հանքը վերջնականապես փակելու ժամանակը։

Tekali Taxi