Գլխավոր / Բանտ / Պուտինը Երևանում է․ Ազատություն քաղբանտարկյալներին

Պուտինը Երևանում է․ Ազատություն քաղբանտարկյալներին

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում աշխատանքները սկսեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նիստին զուգահեռ նախագահի նստավայրի դիմացը մայթին՝ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ, տեղի էր ունենում բողոքի ակցիա ի աջակցություն ռուսաստանյան քաղբանտարկյալների։ Մասնակիցներից Նինա Կարապետյանցը՝ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպանական կազմակերպության ղեկավարը, նշեց, որ Հայաստանում տասնամյակներ շարունակ կաին քաղբանտարկյալներ, իսկ հիմա այլևս չկան։ «Ցանկանում ենք, որ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում ևս չլինեն քաղաքական բանտարկյալներ», – ասել է իրավապաշտպանը։

Հավաքվածների պաստառներին գրված էր «За нашу и вашу свободу» (Մեր և ձեր ազատության համար), «Свободу всем политзаключенным» (Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին)։

――――――――――――――――――――――――

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Մոսկվայի Սախարովի պողոտայում կայացավ «Բաց թող» կարգախոսով հերթական հանրահավաքը։ Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել «մոսկովյան գործով», «ՖԲԿ-ի գործով» (ФБК՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ) ազատազրկվածներին և մյուս քաղբանտարկյալներին։ Չնայած ցուրտ եղանակին ու անձրևին՝ պողոտան մարդաշատ էր․ ոստիկանության տվյալներով հավաքին մասնակցում էր շուրջ 20 հազար մարդ, «Սպիտակ հաշվիչ» կամավորների կազմակերպության տվյալներով՝ 25 հազար: Հանրահավաքի հայտը ներկայացրել էր Ռուսաստանի չգրանցված Ազատական կուսակցությունը (Либертарианская партия)։

«Մոսկովյան գործ»․ Քննչական կոմիտեում հուլիսի 30-ից քննվում է հուլիսի 27-ի այսպես կոչված «զանգվածային անկարգությունների» գործը։ Ընտրություններում անկախ թեկնածուների գրանցման պահանջով հուլիսի 27-ին հավաքված ցուցարարներից 1388-ը բերման ենթարկվեցին։ Նրանցից 15-ը մեղադրվում էին Քրեական օրենսգրքի 212 հոդվածով՝ «զանգվածային անկարգություններ», սակայն ի վերջո նրանցից 13-ի մեղադրանքը փոխվեց՝ «բռնության գործադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ»

«ՖԲԿ-ի գործ»․ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու հիմնադրած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» (ԿՊՀ) կողմից «փողերի լվացման» հոդվածով։ 2019 թվականի   սեպտեմբերի սկզբից Ռուսաստանի 43 քաղաքներում խուզարկություններ են անցկացվում Նավալնու շտաբերում, ԿՊՀ աշխատակիցների և շտաբերի կամավորների բնակարաններում, «Կոռուպցիայի դեմ պայքարի  հիմնադրամի» գրասենյակներից  առգրավվել է ողջ տեխնիկան, սառեցվել են բանկային հաշիվները։

Այս գործերով մեղադրյալնեից 6-ն արդեն դատապարտվել են 2-5 տարի ազատազրկման, ևս 6-ի գործը դեռ քննվում է։

Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը երկու դատական հայց է ներկայացրել հանրահավքների կազմակերպիչների դեմ։ Առաջին հայցում որպես մեղադրյալներ ներկայացված են ընդդիմադիրներ Իվան Ժդանովը, Վլադիմիր Միլովը, Ալեքսեյ Նավալնին, Լյուբով Սոբոլը, Ալեքսանդր Սոլովյովը, Օլեգ Ստեփանովն ու Իլյա Յաշինը, երկրորդում՝ Գեորգի Ալբուրովըն ու Լյուբով Սոբոլը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ձերբակալվել էր շաման Ալեքսանդր Գաբիշևը, ով Յակուտսկից՝ ամբողջ Ռուսաստանով քայլելով շարժվում էր դեպի Մոսկվա՝ «Կրեմլից Պուտինի չար ոգին դուրս քշելու համար»։

լուսանկարները՝ Վադիմ Ֆ․ Լուրյե, սեպտեմբերի 29

Tekali Taxi