Պարոն Սանասարյանը, փաստորեն, մտել էր մի դաշտ, որտեղ երևի չէին սպասում Պետական վերահսկողական ծառայությանը։ Ակնհայտ էր, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ ուղղորդված և պատվիրված քննություն պետք է ընթանար, մեղադրանքը ի սկզբանե շինծու է եղել։
Այս մասին այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանը՝ Ինեսսա Պետրոսյանը։
Սեպտեմբերի 26֊ին Գլխավոր դատախազությունը հաստատեց Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը և գործն ուղարկեց դատարան։ Հեմոդիալիզի պարագաների մրցույթի հետ առնչվող քրեական գործով Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308֊րդ հոդվածի 1֊ին մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։
Այսօրվա մամուլիս ասուլիսին Սանասարյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ քրեական հետապնդումն իր նկատմամբ շինծու է և կազմակերպված։ Նա ընդգծեց՝ «մինչև քրեական գործի սկսելը ամիսներ շարունակ երկրի վարչապետին զեկուցվում էր սխալ ինֆորմացիա իմ վերաբերյալ» [հարցին՝ ո՞ւմ կողմից, Սանասարյանը պատասպանեց՝ «բոլորիս համար պարզ է՝ արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից»] և «փորձ էր արվում սեպ խրել իմ և վարչապետի միջև»։ ԱԱԾ֊ում իր դեմ հարուցված գործը Սանասարյանը դիտարկում է հենց այդ համտեքստում՝ շեշտելով, որ վստահ էր, որ գործը կկարճվի, իսկ ստեղծված իրավիճակում հույս ունի, որ «իրավական ընթացքը կհասնի իր տրամաբանական ավարտին ու բոլորը կտեսնեն, թե ինչ էր ուզում վերահսկողական ծառայությունը՝ իր ղեկավարի հետ միասին, և ուր տարան այս գործը»։
Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց՝ ի սկզբանե պարզ երևում էր, որ քննությունը ուղղորդված է կատարվում և ինչ֊որ տեղից ղեկավարվում է։
Ըստ Պետրոսյանի, միայն այն, որ գործը հարուցվել էր ԱԱԾ-ում և նույնիսկ իրենց միջնորդությունից հետո, «օրենքի տառի կոպիտ խախտմամբ», չտեղափոխվեց ՀՔԾ, արդեն իսկ վկայում է դրա ուղղորդվածության մասին։ Պետրոսյանը կասկածելի է համարում նաև Սանասարյանի դեմ տրված ցուցմունքները․ «Գործով անցնող մեղադրյալները, որոնք գտնվում էին նախնական կալանքի տակ, անընդհատ առանց փաստաբանի առանձնատեսակցություն էին խնդրում վարույթն իրականացնող մարմնից։ Այդ առանձնատեսակցություններից հետո հանկարծ հայտնվում են պարոն Սանասարյանի դեմ ցուցմունքներ»։
Ըստ նրա, վարույթն իրականացնող մարմինը այդ ամենով մեկ նպատակ է հետապնդել՝ նպաստել Սանասարյանի լիազորությունների կասեցմանը․ «Այդ պահին պարոն Սանասարյանին պետք էր մեկուսացնել այն աշխատանքից, որը նա կատարում էր։ Խնդիրը միայն դա էր, որպեսզի կասեցվեր և իրենք շարունակեին»։
Սանասարյանի մյուս պաշտպանը՝ Արսեն Սարդարյանն, ընդգծեց՝ եթե գոծով մեղադրյալի կարգավիճակ ունեցող մյուս ՊՎԾ աշխատակիցներն անգամ ընդունում են իրենց մեղքը, դա դեռ չի նշանակում, որ ՊՎԾ պետի գործողություններում կա հանցակազմ։
«․․․Նա պետք է տեղեկացված լիներ իր աշխատակիցների գործողությունների մասին, միայն այդ դեպքում կարող է վերադասը քրեական պատասխանատվության ենթարկվել։ Որևէ ցուցմունքում չկա նման բան, որ պարոն Սանասարյանը այդ երեք անձանց սխեմաներից տեղյակ է եղել։ Նույն այդ երեք անձանց և մյուս ցուցմունքներում հստակ նշված է, որ իրենց ներքին սխեմաները իրենք են կազմել և պարոն Սանասարյանը բացարձակ տեղյակ չի եղել նրանց գործողությունների», ֊ ասաց Սարդրյանը։
Ըստ ԱԱԾ֊ի, Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները հեմոդիալիզի պարագաների մրցույթի շրջանակներում չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին։ Մեղադրանք էր առաջադրվել ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։
ԱԱԾ֊ն հայտարարել էր նաև, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Սանասարյանը՝ հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, խմբային շահերից ելնելով` օգտագործել է իր պաշտոնեական դիրքն ծառայության շահերին հակառակ և չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Սարդարյանի ներկայացրեց վարույթն իրականացնող մարմնի՝ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու հիմքերը․
«Միակ բանը, որով կապում են այդ գործողությունները պարոն Սանասարյանի հետ, դա պարոն Ադյանի այն ցուցմունքն է, որով նա նշում է, որ , որ «երբ ես գործի եմ ընդունվել, Սանասարյանին տեղեկացրել եմ, որ ես բիզնես ունեմ»։
Եվ երկրորդ ցուցմունքը՝ Առողջապահության նախարար Թորոսյանը ասում է, որ «2018 թվականի վերջերը ունեցել եմ հեռախոսային խոսակցություն պարոն Սանասարյանի հետ, որի ընթացքում պարոն Սանասարյանին հայտնել եմ, որ տենդերին մասնակցել է մի ընկերություն, որը կապված է ՊՎԾ աշխատակիցների հետ, այդ ընկերությունը շատ լավ գնային առաջարկ է ներկայացրել և օրենքի տառին համապատասխան հաղթել է, բայց ոնց որ փաստաթղթերի հետ կապված խնդիր ունի»։ Եվ իբր պարոն Սանասարյանը՝ ճշտումներ անելուց հետո իր աշխատակիցների հետ, ասել է՝ «որևէ խնդիր փաստաթղթերի հետ չկա»։ Սա պարոն Թորոսյանի ցուցմունքն է», – ասել է Սարդարյանը։
Հարցին՝ ինչու է Սանասարյանը վստահել իր դեմ ցուցմունք տված Սամվել Ադյանին, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ նա գնումների ոլորտի մասնագետ է և իր գործունեության արդյունքում մի քանի հարյուր մլն դրամ վերականգնվել է պետբյուջե․ «Այսինքն, Ադյանը փաստացի օգուտ է տվել, բարեխիղճ վարք է դրսևորել»,- ասաց Սանասարյանը։
Նա մեկնաբանեց նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքները․
«Ես կարեկցում եմ Թորոսյանին, իմ պաշտպանն ասաց, թե նրա գործողությունների մեջ հանցակազմ չկա, բայց հանցակազմ կա եւ դա կեղծ ցուցմունքն է։ Ես ասել եմ, որ իմ աշխատողը իրավունք չունի մասնակցել տենդերին: Թորոսյանն ասել է, որ ես էլ բիզնես ունեմ, կարեւորը դա չէ, կարևորը պետության շահն է։ Իրեն հետաքրքիր չէր, որ պետական աշխատողը տենդերին մասնակցում է։ Իմ հարցին ի պատասխան առերեսման ժամանակ Թորոսյանն ասել է, որ դա իրեն չի հետաքրքրել»,- պարզաբանեց Սանասարյանը։