Պաշտպանության նախարարության զորամասի սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նաև Վայոց Ձորի մարզի բնակիչ Զավեն Գրիգորյանը, հաղորդում է քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն գործով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հ․Գ․֊ն, ում մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ ստուգվում է նաև միջադեպին մարզպետ Սարգսյանի հնարավոր մասնակցությունը։ Սեպտեմբերի 24-ին վերջինս հրաժարական է ներկայացրել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» էր տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։ Ըստ բուժհիմնարկից ստացված տեղեկանքի՝ վերջինս ենթարկվել էր շտապ վիրահատության, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Քննությամբ պարզվել էր, որ փոխգնդապետ Մխիթարյանը մարմնական վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 17-ի գիշերը՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Պարզվել էր նաև, որ վիճաբանության ժամանակ, բացի Արա Մխիթարյանից, մարմնական վնասվածքներ էին ստացել նաև նույն զորամասի ևս երկու սպա:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։ Գործը փոխանցվել է Քննչական կոմիտեի (ՔԿ) հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։ Որոշում է կայացվել՝ քննչական խումբ ստեղծելու մասին:
Տվյալներ են ձեռք բերվել՝ մարզպետի օգնականից բացի միջադեպին նաև Զավեն Գրիգորյանի մասնակցության վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է՝ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով: