Թուրքիան բողոքի նոտա է հղել և պարզաբանումների համար արտգործնախարարություն կանչել Միացյալ Նահանգների հյուպատոսին, երբ ամերիկյան դեսպանատունը սոցիալական ցանցում հավանել՝ լայք է տվել Թուրքիայի ներքաղաքական կյանքին վերաբերող հրապարակումներից մեկին:
Դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել, մասնավորապես, օգտատերերից մեկի գրառումը Թուրքիայի աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ 71-ամյա Դևլեթ Բահչելիի մասին: Նախագահ Էրդողանի հետ անցած տարվանից դաշինք կնքած Բահչելին, ով վերջերս աջակցում է նրա բոլոր վիճահարույց նախաձեռնություններին, շաբաթներ առաջ տեղափոխվել էր հիվանդանոց: Ու թեև աջակիցները պնդում են, թե որևէ լուրջ բան չկա, մամուլում շարունակ կասկածներ են հնչում նրա առողջական վիճակի վերաբերյալ: Հենց այդ կասկածների ֆոնին էլ օգտատերերից մեկը Թվիթերում գրել էր՝ Թուրքիան պետք է համակերպվի առանց Բահչելիի քաղաքական կյանքին, ամերիկյան դեսպանատունն էլ հավանել էր այդ գրառումը՝ փաստացի համաձայնություն տալով Ռեջեփ Էրդողանի դիրքերի թուլացման մասին անուղղակի ակնարկներին:
Ընդ որում, միջադեպից քիչ անց դեսպանատունը ներողություն էր խնդրել կատարվածի համար և պնդել, թե լայքի կոճակը սեղմվել է պատահաբար: Պաշտոնապես տրված այս բացատրությունները, սակայն, Անկարային չէին բավարարել: «Ամերիկայի դեսպանը Անկարայում չէր, հակառակ դեպքում, նրան կկանչեինք», – հայտարարել է արտգործնախարարությունը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թվիթերում պնդել էր, թե գրառման հեղինակը կապ ունի երեք տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի և դրա համար մեղադրվող՝ Միացյալ Նահանգներում բնակվող Ֆեթուլահ Գյուլենի հետ: «Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը և դեսպանատունը պետք է հետաքննեն այս միջադեպը, ներողությունը բավարար չէ», – հայտարարել է իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը՝ հավելելով․ – «Այս քայլը վկայում է, որ Միացյալ Նահանգների դեսպանատան որոշ աշխատակիցներ հատուկ ջանքեր են գործադրում թուրք-ամերիկյան հարաբերությունները փչացնելու համար»: