Home / Հայաստան / Երեխայի հերթական սպանությունը ոտքի հանեց Սարատովը

Երեխայի հերթական սպանությունը ոտքի հանեց Սարատովը

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Ռուսաստանի Սարատով քաղաքում ինքնաբուխ հանրահավաք տեղի ունեցավ։ Հարյուրավոր մարդիկ ինքնադատաստան էին պահանջում 9-ամյա Լիզա Կիսելյովայի սպանության մեջ կասկածվողի նկատմամբ։ Նրանք շրջապատել էին ոստիկանական մեքենան, որի մեջ, ենթադրաբար, գտնվում էր բերման ենթարկվածը, հաղորդում է Բի-Բի-Սի֊ն։

Հոկտեմբերի 9-ի առավոտյան աղջիկը դպրոց էր գնացել, սակայն ճանապարհին անհետացել էր։ Ոստիկանությունից բացի, նրա որոնման աշխատանքներին էին միացել «Լիզա Ալերտ» ջոկատի կամավորները։ Մարզային ԱԻՆ֊ը՝ սմս-հաղորդագրության միջոցով, տեղեկացրել էր տեղի բնակչությանը երեխայի որոնման մասին։ Նկարագրվում էր աղջկա արտաքինն ու հագուստը։

Քննիչները քրեական գործ էին հարուցել «Անչափահասի սպանություն» հոդվածով։

Հինգշաբթի երեկոյան սոցցանցերում տարածվեցին կողմնորոշումներ-առաջադրանքները, որոնք հայտնում էին 30-40-ամյա տղամարդու որոնման մասին, որը կապ ունի երեխայի անհետացման հետ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աղջկան մահացած են գտել։ Ականատեսի խոսքով՝ քաղաքի բնակիչները շրջում էին ավտոտնակային կոոպերատիվի տարածքում, փորձում բացել ավտոտնակները և զննել դրանք։
Ենթադրյալ հանցագործության վայրի մոտ ինքնաբուխ հանրահավաք սկսվեց։ Հարյուրավոր մարդիկ շրջապատել էին ոստիկանական մեքենան, որի մեջ, ըստ նրանց, կարող էր գտնվել բերման ենթարկվածը։ Նրանք վանկարկում էին «Բացի՛ր»՝ պահանջելով ինքնադատաստան նրա նկատմամբ։

Դրանից հետո ակտիվիստների և կամավորների խումբը շարժվեց դեպի ոստիկանական բաժին։ Նրանք փակել էին ճանապարը և ղեկավարության հետ հանդիպում էին պահանջում։

Առավոտյան Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարեց 35-ամյա սպանության մեջ մեղադրվողին բերման ենթարկելու մասին։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին հաջողվեց գտնել նրան՝ տեղի դատվածություն ունեցող բոլոր բնակիչների տվյալների վերամշակման միջոցով։

«112» տելեգրամ-ալիքը տեղեկություն էր տարածել անձի՝ գողությունների և բռնաբարությունների համար դատվածությունների մասին։

Հոկտեմբերի 11-ի կեսօրին Քննչական կոմիտեն տարածեց կասկածյալի հարցաքննության տեսանյութը, որում նա ասում է, որ մինչ այդ աղջկան երբեք չէր հանդիպել, ինչպես նաև խոստովանում է սպանությունը։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ մի քանի ամիս առաջ տղամարդը լքված ավտոտնակ էր գտել՝ այնտեղ բնակվելու համար։ Նա նաև փոխել էր կողպեքը։

ՔԿ֊ի ներկայացուցչի խոսքով՝ հոկտեմբերի 9-ին երեխան անցնելիս էր եղել ավտոտնակի մոտով և հարցրել՝ արդյոք այն տղամարդուն էր պատկանում։

Կասկածյալը որոշեց, որ ավտոտնակը կարող էր աղջկա ընտանիքին պատկանել։ Ըստ ցուցմունքի՝ նա վախեցավ և սպանեց երեխային։ Տարածքում տեղադրված տեսախցիկների կադրերը հաստատում են սպանության մեջ նրա ներգրավվածությունը։

Երեխայի հուղարկավորությունը կանցկացվի հոկտեմբերի 13-ին։

«Նովայա գազետա»֊ի՝ Սարատովի մարզային թղթակից Նադեժդա Անդրևեան գրում է, որ քաղաքի բնակիչները բոլոր հիմքերն ունեն՝ ուժային կառույցների և դատարանների կայացվածության հետ կապված կասկածներ ունենալու համար։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում Սարատովում երեք երեխա է սպանվել։ Լիզա Կիսելյովան չորրորդ զոհն է։ Հանցագործություններն իրար հետ փոխկապակցված չեն, դեպքերից յուրաքանչյուրում կասկածյալ կա։ Սակայն, ըստ հոդվածագրի, ողբերգությունները մեկ ընդհանրություն ունեն․ ոստիկանության կողմից կանխարգելիչ աշխատանքի բացակայություն։ Իրավապահ մարմինները չեն հետևում դատվածություն ունեցող և ոչ բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքացիների գործողություններին։