Home / Հայաստան / Կալանավորվել է Վանաձորում զինված միջադեպի գործով երկրորդ կասկածյալը

Կալանավորվել է Վանաձորում զինված միջադեպի գործով երկրորդ կասկածյալը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձինք, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի: Բացի այդ, նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանցից մեկը՝ Վանաձոր քաղաքի՝ 1973 թվականին ծնված բնակիչը,սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 11-ին հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկը, ով Վանաձոր քաղաքի 1973թ. ծնված բնակչի քրոջ որդին է, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1980թ.: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է», – ասված է հաղորդագրության մեջ։