Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամաբ սպանելու կասկածանքով։ Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, – «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Քննչական կոմիտեի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»՝ 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը։
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը’ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով՝ «զենք հափշտակելը կամ շորթելը», 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ», և 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն»: