«Նոր վեհության» գործով (Дело «Нового величия») մեղադրյալ Ռուսլան Կաստիլենկովը հերթական դատական նիստի ժամանակ կտրել է երակները, իր տելեգրամ ալիքում հայտնում է փաստաբան Մաքսիմ Պաշկովը։
«Նովայա գազետա»֊ի տվյալներով երակները կտրել է նաև նույն գործով մեկ այլ մեղադրյալ Վյաչեսլավ Կրյուկովը։ «Երեխեքի նյարդերը չդիմացան»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կոստիլենկովի փաստաբան Սվետլանա Սիդորկինան։
Հիշեցնենք, որ «Նոր վեհության» գործով մեղադրվում են մի խումբ երիտասարդներ, ովքեր՝ Քննչական կոմիտեի մեղադրանքի համաձայն, պատրաստվում էին գրավել իշխանությունը Ռուսաստանում՝ պետական հեղաշրջման ճանապարհով։
Տելեգրամ ալիքի միջոցով ծանոթացած մի խումբ երիտասարդներ տելեգրամով շփվում էին տարբեր թեմաներով, այդ թվում՝ քաղաքական։ Նամակագրության անդամների ցանկը կայուն չէր։
Ինչ որ պահից սկսած Ռուսլան Դ․ անունով հայտնի տղամարդը սկսում է առավել հաճախ քաղաքական թեմաներ բարձրացնել, կոչ է անում ավելի ակտիվ մասնակցել երկրի քաղաքական կյանքին, առաջարկում է հանդիպել։ Նոյեմբերի 10-ից սկսած խմբի անդամները 3-4 անգամ հանդիպում են «ՄաքԴոնալդսում»։
Ռուսլան Դ․֊ն, ում մեղադրյալների ծնողներն ու լրագրողները իրավապահ մարմինների աշխատող են համարում և ով քնչական գործերում նշված է որպես Ալեքսանդր Կոնստանտինով, վստահություն է ձեռք բերում նոր ծանոթների շրջապատում՝ համոզելով, որ կիսում է նրանց քաղաքական հայացքները։ Նա հանդիպումների համար հարմար տարածք է գտնում, վարձակալում և առաջարկում գործունեության կազմակերպման նախագիծ մտածել։ Հենց այդ «գործունեության նախագիծն» էլ հետագայում դառնում է քնչական գործի միակ իրեղեն ապացույցը մեղադրող կողմի համար։
Ավելի ուշ պարզ է դառնում, որ հավաքներին մասնակցում էին նաև քննչական հետախուզական բաժնի աշխատակից Մակսիմ Ռաստորգուևը, Ռոսգվարդիայի ծառայող Ռուսլան Կաշապովը։
2018 թվականի մարտի 15-ին խմբի 10 անդամներ կալանավորվում են Քրեական օրենսգրքի 282.1 հոդվածի մեղադրանքով՝ ծայրահեղական խմբավորման ձևավորում։ Դատական գործընթացները դեռևս շարունակվում են։ Ընդ որում, Ռուսլան Դ․֊ն, ով էլ հենց փաստացի «կազմավորել էր խումբը», գործով դիտարկվում է որպես վկա։