Չիատուրայի մարզի (Իմերեթիայի շրջան) «Դարկվետի» մանգանի հանքում 29-ամյա բանվոր է մահացել։ Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Նախնական տվյալների համաձայն, հորատման աշխատանքների ժամանակ հանքափորի վրա մեծ քանակության հող է լցվել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։ Ինչպես փոխանցում է տեղի արհմիության ղեկավար Պաատա Սամխարաձեն, զոհվածը «Դարկբետի» հանքում աշխատել է երկու տարի, ունի կին և երեխա։
Արհմիությունը ենթադրում է, որ մահվան պատճառը անվտանգության նորմերի խախտումն է։ Հանքի սեփականատեր Georgian Manganese ընկերությունը հորդորում է զերծ մնալ վաղաժամ ենթադրություններից և սպասել փորձաքննության եզրակացությանը։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը գործ է սկսել «Լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման» հոդվածով, ինչը պատժվում է մինչև հինգ տարի ազատության սահմանափակմամբ կամ 2-5 տարի ազատազրկմամբ։
Վրաստանի արհմիությունների միավորման վիճակագրության համաձայն, 2018 թվականին արտադրական տրավմաներից մահացել է 29, ծանր վիրավորվել՝ 24 մարդ։ Մահացածներից 11-ը հանքափորներ են, ևս 3-ն աշխատում էին քարհանքերում։