Home / Հայաստան / «Ինչո՞ւ գաղտնի»․ նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են

«Ինչո՞ւ գաղտնի»․ նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիս ամսին տրված գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը, տեղեկացնում է «Հետք» առցանց թերթը։

Գաղտնի հանձնարարականի մասին ստացած տեղեկությունը ստուգելու համար «Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմել է երեք նախարարությունների։ Թերթի փոխանցմամբ, հարցումների պատասխաններից պարզ է դարձել, որ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին միասին ստացել է 6 միլիոն դրամ աշխատավարձ (4 ամիսների միջև բաժանելու դեպքում ստացվում է ամսական 1.5 միլիոն դրամ)՝ նույնքան, որքան Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նախարար Ատոմ Ջանջուղազյանի աշխատավարձի չաձը պարզելու նպատակով «Հետք»-ը նույնաբովանդակ հարցում է ուղարկել նաև Ֆինանսների նախարարություն, սակայն նախարարության գլխավոր քարտուղարը Ջանջուղազյանի աշխատավարձի մասին տեղեկությունը թերթին չի տրամադրել՝  փոխարենն առաջարկելով սպասել տարեկան հայտարարագրին։

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, որի համաձայն նախարարի աշխատավարձը կազմում է բազային աշխատավարձի (66 հազար 140 դրամ) 12-ապատիկը, այսինքն՝ 793 հազար 680 դրամ, որի մեջ ներառված են հարկերը։

Մինչդեռ առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։

Նույն պատկերն է փոխնախարարների և գլխավոր քարտուղարների աշխատավարձերի դեպքում։ Օրենքով սահմանված 562 հազար 160 դրամից փոխնախարարի աշխատավարձը դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ, իսկ գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 հազար դրամից դարձել է 870 հազար դրամ։

«Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իմանալու, թե ինչո՞ւ է աշխատավարձերի բարձրացման գործընթացը իրականացվել գաղտնի ընթացակարգով։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի պատասխանել է․ «Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է»։