Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր բավարարել է Դատախազության բողոքարկումը և բեկանել Տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Հյուսիս-Հարավի» քրեական գործով մեղադրյալ Գուրգեն Սարգսյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Գուրգեն Սարգսյանը կալանավորվել է:
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Գուրգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Սարգսյանը «Մուլտի Գրուպ» ընկերության սեփականատեր Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի հետ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի հետ կնքել է կեղծ պայմանագրեր, ծառայությունների մատուցման կեղծ հաշիվներ, որոնցով «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»–ից դուրս են գրվել ապօրինի ֆինանսական միջոցներ։