Գիշերօթիկ հաստատությունների լուծարման և վերակազմավորման գործընթացը նոր չէ մեկնարկել, այլ՝ 2016 թվականից։ Գիշերօթիկները, որոնք ժամանակին ստեղծվել են որպես անցումային լուծում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար, որպես խնամքի հաստատություններ կրթական գործառույթ չեն իրականացնում և չեն իրականացրել։ Երեխաներն այնտեղ հայտնվել են ոչ թե կրթական խնդիրների, այլ՝ ընտանիքի սոցիալական անապահովության պատճառով։
Սոցիալական ապահովության նախարարության մոտեցումը այս հարցում հստակ է․ եթե հնարավոր է միջոցներն ուղղել ընտանիքների զորեղացմանը, պետք է ուղղել ընտանիքների զորեղացմանը և ո՛չ հաստատություն պահելուն։ Նախարարության համար անընդունելի է այն մոտեցումը, որ երեխան կարող է հայտնվել հաստատությունում միայն սոցիալական խնդրի, կարիքի պատճառով և զրկվել ընտանիքում խնամվելու իրավունքից։ Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին, գիշերօթիկ հաստատությունների լուծարման մասին իր ելույթում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ Սոցապ նախարարությունը գիշերօթիկները լուծարում և ալտերնատիվ չի առաջարկում։
«Լուծարման դեպքում ի՞նչ է սպասվում երեխաներին, ինչպե՞ս է կազմակերպվելու նրանց խնամքը, դաստիարակությունը․․․Կարելի՞ է իմանալ՝ ում են հարցրել, որ այդպես մի գրչի հարվածով լուծարում են գիշերօթիկները։ Ոչ ոք տեղյակ չի՝ ինչ է նախատեսվում․․․», ֊ ասաց Պետրոսյանը։
Անդրադառնալով նախկին սոցապ նախարար, այժմ՝ ԲՀԿ֊ական պատգամավոր Պետրոսյանի ելույթին, Սոցապ նախարարի մամուլի քարտուղարը ասաց՝ լուծարման գործընթացի, գիշերօթիկների «ալտերնատիվների» մասին բազմիցս խոսվել է․
«Գիշերօթիկ հաստատությունների լուծարման և վերակազմավորման գործընթացը նոր չէ մեկնարկել, այլ՝ 2016 թվականից։ 2019 թվականի հունվարին նախարարությունը այս գործընթացում ժամանակավոր դադար է վերցրել՝ հաստատություններում խնամվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների գնահատում իրականացնելու և դրա հիման վրա միայն լուծարման գործընթացը շարունակելու համար։
Գիշերօթիկ հաստատությունները խնամքի հաստատություններ են, որտեղ ընդգրկվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները և ոչ՝ ծնողական խնամքից դուրս մնացած երեխաները։ Եվ մեզ համար կարևոր էր հասկանալ՝ ինչու և ինչ պայմաններից ելնելով է յուրաքանչյուր երեխա հայտնվել հաստատությունում։
Մենք մեր միջազգային գործընկերների՝ World Vision-ի և UNICEF-ի հետ, իրականացրել ենք լայնածավալ կարիքների գնահատում։
Գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքները շատ տարբեր են։ Բոլոր այս ընտանիքներին աջակցություն է տրամադրվելու՝ ըստ իրենց գնահատված կարիքի․ մեկը բնակության տարածքի խնդիր ունի, մյուսը՝ սոցիալական, երրորդը՝ զբաղվածության․․․
Մեր մոտեցումը այս հարցում հստակ է եղել․ եթե կարելի է միջոցներն ուղղել ընտանիքների զորեղացմանը, պետք է ուղղել ընտանիքների զորեղացմանը և ո՛չ հաստատություն պահելուն։
Սա չի նշանակում, որ պետության բեռը, այսինքն՝ բյուջետային հատկացումները խնայվում են։ Բացարձակ։ Բայց սա նշանակում է, որ փոխվում է դրանց ուղղման նշանակետը։ Այսինքն, մենք փորձում ենք այդ աջակցությունը տրամադրել ոչ թե հաստատությանը, այլ ընտանիքներին։
2016 թվականից մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում գործող 7 գիշերօթիկ հաստատություններից 3֊ն արդեն իսկ վերակազմավորվել են։ Մյուս 4֊ի վերակազմավորման/լուծարման գործընթացը սկսվել է կարիքների գնահատում իրականացնելուց հետո՝ այս տարվա ամառային արձակուրդների շրջանում։
Նախարարության համար անընդունելի է այն մոտեցումը, որ երեխան կարող է հայտնվել հաստատությունում միայն սոցիալական խնդրի, կարիքի պատճառով և զրկվել ընտանիքում խնամվելու իրավունքից, որը, մեր կարծիքով և միջազգային իրավունքի տեսանկյունից, երեխայի հիմնարար իրավունքն է», – ասաց Մարտիրոսյանը։
Անդրադառնալով Պետրոսյանի հայտարարությանը, թե գիշերօթիկները «միայն գիշերը մնալու տեղ» չեն, այլ հաստատություններ, որտեղ «մարդը կրթվում է, դառնում է հասարակության լիարժեք անդամ, պատրաստված ձևով մտնում է կյանք», Մարտիրոսյանն ասաց․
«Գիշերօթիկ հաստատությունները կրթական ֆունկցիա չեն իրականացնում։ Գիշերօթիկ հաստատություններում խնամվող բոլոր երեխաները հաճախում են հանրակրթական դպրոց։ Թե ինչո՞ւ է այս թյուր կարծիքը կամ մանիպուլյացիան, որ երեխաները այնտեղ կրթություն են ստանում, դրվել շրջանառության մեջ, չեմ կարող ասել»։
Մամուլի խոսնակը անդրադարձավ նաև Պետրոսյանի բարձրաձայնած մտավախություններին՝ կապված գիշերօթիկում ապրող երկկողմանի ծնողազուրկ երեխաների ապագայի հետ․
«Նախ՝ գիշերօթիկ հաստատություններում չկան երեխաներ, ովքեր ծնող կամ խնամակալ չունեն։ Հայաստանի Հանրապետության Սոցապ նախարարության ենթակայության տակ գտնվող 4 գիշերօթիկ հաստատություններում այս պահին 260 երեխա է գտնվում, որոնցից միայն 20֊ի դեպքում է, որ կարիքների գնահատման հանձնաժողովը, տարբեր պատճառներով, անհնար է համարել վերադարձը ընտանիք։ Սրանք այն երեխաներն են, ովքեր նույնիսկ ամառային արձակուրդների ընթացքում տուն չեն գնում։
Այս 20 երեխայի կարիքը մենք գիտենք, և, բնականաբար, զբաղվում ենք այդ խնդրով։ Մեզ համար առաջնային է լինելու, այսինքն՝ փորձելու ենք ամեն բան անել, որպեսզի այս 20 երեխաների խնամքը կազմակերպվի խնամատար ընտանիքների միջոցով՝ ընտանեկան և ո՛չ հաստատության միջավայրում։ Այն պարագայում, եթե երեխաներից որևէ մեկի համար այս տարբերակը չկարողանանք օգտագործել, այդ դեպքում թեկուզ ժամանակավորապես, բայց խնամքը կիրականացվի մեր հաստատություններում, մինչև հասկանանք՝ ինչպես կարելի է այս երեխաների դեպքում ևս խնամքը կազմակերպել ընտանեկան միջավայրում՝ հաստատություններից դուրս», ֊ ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ոչ մի երեխա, բնականաբար, փողոցում կամ ավելի անբարենպաստ պայմաններում չի հայտնվի։