2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ն առաջարկվում է աստիճանաբար նվազեցնել «Ղարաբաղ Տելեկոմ» ղարաբաղյան և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» հայաստանյան կապի օպերատորների միջև հեռախոսային ծառայությունների վճարները։
Որոշման նախագիծը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այսօր հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի e-draft միասնական կայքում: Որոշումը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1֊ից։
Այս պահի դրությամբ «Ղարաբաղ Տելեկոմի» և Հայաստանի բոլոր օպերատորների ցանցերում (ՎիվաՍել, Յուքոմ, ՎԵՈՆ Արմենիա) գործում է 38 դրամ/րոպե սակագինը:
Ըստ որոշման ժամանակացույցի, 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը աստիճանաբար սակագները կնվազեցվեն․ 2020 թվականին կսահմանվի 10 դրամ/րոպե սակագին, ամեն տարի այն կնվազեցվի մեկ դրամով, և 2025 թվականի հունվարի 1-ից հետո մեկ րոպեի համար կսահմանվի 5 դրամ վճար։
Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակում ծառայող հայաստանցի զինվորները օգտվում են «Ղարաբաղ տելեկոմից», որը տեղի միակ բջջային օպերատորն է։ Հայաստանյան ընկերությունները՝ իբրև արտասահմանյան, գործում են ռոումինգի ռեժիմում, ինչը բացի անհամեմատ ավելի բարձր սակագներից, ենթադրում է նաև գանձումներ՝ և մուտքային, և ելքային զանգերի համար։ «Ղարաբաղ Տելեկոմի» հետ կապված խնդիրները չեն սահմանափակվում միայն արտերկիր, այսինքն՝ նաև Հայաստան, զանգերի բարձր սակագներով։ Այլ խնդիրների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։