Չնայած գրիպի ցածր ինտենսիվության, այսօր հիվանդության համեմատաբար բարձր ցուցանիշներ են գրանցվում մինչև 4 տարեկան երեխաների շրջանում։ Այս մասին ասված է առողջապահության նախարարության՝ գրիպի և սուր շնչառական վարակների 2019-2020 թվականների սեզոնի սկսվելու առթիվ տարածած հաղորդագրությունում։
Ինչ վերաբերում է ներկայումս շրջանառող գրիպի և սուր շնչառական վարակների հարուցիչներին, ապա պետք է նշել, որ լաբորատոր հետազոտության արդյունքների համաձայն, հանրապետությունում այսօր գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում: Շրջանառում են այլ շնչառական վիրուսների հարուցիչներ՝ պարագրիպ, ռինովիրուս, բոկավիրուս և այլն, նշված է պրես-ռելիզում։
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.
- խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- մնալ տանը հիվանդ լինելու դեպքում,
- հիվանդ լինելու դեպքում հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ,
- չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ վերջիններս ցուցված չեն գրիպի բուժման համար,
- հագնվել եղանակին համանունչ,
- պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխել փակ տարածքները,
- հետևել անձնական հիգիենային: