Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված զորամասը լքած, ապա հայտնաբերված զինծառայողին նսեմացնելու ու պատժելու նպատակով նրա մասին հերյուրանքներ տարածելով, նրա վերադարձը զորամաս դժոխքի են վերածել։ Այս մասին ասված է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի «Ֆեյսբուք» սոցցանցում արված գրառման մեջ։
«Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և [ՊՆ] արտոնյալ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ զորամասը լքած, ապա հայտնաբերված զինծառայողին նսեմացնելու, ստորացնելու, պատժելու նպատակով նրա մասին հերյուրանքներ են տարածել՝ կարծիք հայտնելով, թե իբր զինվորի՝ զորամասը լքելու պատճառը նրա սեռական կողմնորոշումն է: Այսինքն, զինվորի վերադարձը զորամաս դարձնելով դժոխք:
Նշեմ, որ զինվորին նսեմացնող այս ապատեղեկատվությունը միակողմանի հրապարակել է «Ժողովուրդ» թերթը: Մինչդեռ զինվորը բոլորովին այլ խնդիրներ ունի, ինչի մասին նա պատմել է մեր փաստաբանին: Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է զինվորական վերնախավը վարվում սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, անպաշտպան զինվորի հետ: Հետաքրքիր է իմանալ նաև, թե արդյոք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կիսում է խոսնակի տեսակետները», ֊ գրել է իրավապաշտպանը։