Հոկտեմբերի 24-ին shamshyan.com կայքում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը, եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Նշվել է նաեւ, որ ահազանգը ստացվել է զինծառայողի ազգականի կողմից:
Քանի որ նյութում հիշատակված էր, որ զինծառայողը հաշվառված է Վանաձորում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կապ է հաստատել տեղի զինկոմիսարիատի հետ, տեղեկացրել, որ shamshyan.com կայքում այդպիսի հրապարակում է եղել և խնդրել է տրամադրել որևէ հեռախոսահամար՝ դեպքի մանրամասները ճշտելու համար։
Իրավապաշտպանները կապ հաստատեցին Կարեն Ս. անունով զինծառայողի մոր՝ տիկին Անահիտի, եւ քրոջ հետ, ովքեր տեղեկացրեցին, որ ներկա պահին զինծառայողը գտնվում է իր ծառայության զորամասում: Ըստ նրանց հայտնած տեղեկությունների՝ իրենց որդին զորակոչվել է 2019 թ. հուլիսի 7-ին՝ առողջական խնդիրների առկայությամբ, որի պատճառով նախկինում երկու անգամ ստացել է տարկետում: Այնուամենայնիվ, առանց որեւէ բուժման, (մայրը հայտնեց, որ որդու հիվանդությունն անբուժելի է) Կարեն Ս.-ն զորակոչվել է զինված ուժեր: Մայրը հայտնեց, որ ծառայության հենց սկզբից առողջական խնդիրների պատճառով նաեւ խնդիրներ է ունեցել հրամանատարության հետ (այս մասին ծնողը տեղեկացել է ռազմական ոստիկանության աշխատակիցներից), քանի որ չեն հավատացել, որ զինծառայողի մոտ կա որեւէ առողջական խնդիր, մեղադրել են «ձևեր անելու՝ սիմուլյանտության» մեջ, չնայած պարբերաբար տեղափոխվել է հոսպիտալ, նաեւ ենթարկվել վիրահատության՝ մեկ այլ առողջական խնդրի կապակցությամբ: Հերթական անգամ՝ հոկտեմբերի 19-ին, ուրբաթ օրը, զինծառայողին զորամասից տեղափոխել են Երևանի Կենտրոնական կինիկական զինվորական հոսպիտալ։ Այնտեղ, ըստ զինծառայողի քրոջ խոսքերի, եղբորը պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել։ Նման վերաբերմունքից դժգոհ լինելով՝ զինծառայողը չի սպասել հետազոտությանը և լքել է հոսպիտալը՝ գնալով Երևանում բնակվող հարազատներից մեկի տուն։ Նույն օրը, սակայն, հարազատները զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ, որտեղից նրան արդեն ՀՀ ՊՆ համապատասխան աշխատակիցները տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, իսկ այնտեղից՝ զորամաս: Ընդ որում, ինչպես մայրն է տեղեկացնում, զինծառայողին առանց հետազոտության ուղարկել են զորամաս՝ որպես տույժ: Այժմ Կարեն Ս.-ն գտնվում է զորամասում։ Նրա մոտ առողջական խնդիրները շարունակվում են, մասնավորապես՝ առկա է մարսողության խնդիր, (ըստ մոր խոսքերի` կերածը փսխում է), ինչպես նաև առկա է հաճախակի արյունահոսություն քթից և բերանից, որից էլ մշտապես գանգատվել է զինծառայողը:
Լրացում։ Նյութի հրապարակումից անմիջապես հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ կապ է հաստատել Գ․ Շամշյանը և տեղեկացրել, որ Կարեն Ս․-ն և shamshyan.com հրապարակման մեջ ներկայացրած զինծառայողը տարբեր անձինք են։ Գ․ Շամշյանի փոխանցմամբ՝ այն, ինչ ներկայացված է shamshyan.com-ում, համապատասխանում է իրականությանը․ այդ զինծառայողին շարունակում են որոնել։
Ըստ Շամշյանի հրապարակած տեղեկատվության, «Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Այս մասին կայքին է ահազանգել զորամասը ինքնակամ լքած զինծառայողի ազգական Քնարիկ. Գ.-ն, խնդրելով օգնել գտնել իրենց զինվոր տղային. «Արդեն 9 ամսվա ծառայող էր մեր տղան, երբեւէ որեւէ դժգոհություն չի ունեցել ծառայությունից: Երեխեն 5 օր է՝ ինքնակամ լքել է զորամասն ու դուրս եկել տարածքից»: Ազգականի խոսքով՝ ընտանիքի անդամների հետ ամենօրյա կապի մեջ են ՊՆ Ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատի, Կապանի, Վանաձորի և Երևանի Ռազմական ոստիկանության ծառայողները, ինչպես նաև մյուս իրավապահ կառույցները, ովքեր արդեն քանի օր է՝ ասում են, որ դեռևս նորություն չունեն զինվորի գտնվելու վայրի մասին «Բայց երեխան հո ասեղ չի, որ ընկնի դեզի մեջ ու կորի: Հրամանատարությունը մեզ ասում է, որ զինվորը պատի վրայից է թռել ու լքել զորամասը, իբր երեխեն թույլտվություն է վերցրել որ դուրս գա, հրամանատարությունը արգելել է, ինքն էլ ինքնակամ դուրս է եկել զորամասից: Իսկ թե երբ են երեխայի անհետանալը նկատել զորամասում, դա չգիտեմ: Դրանից հետո հրամանատարությունն ու Ռազմական ոստիկանությունն են սկսել փնտրել՝ թե՛ Վանաձորում թե՛ իրենց մոտ, թե՛ Երևանում, բայց արդեն քանի օր է՝ ոչ մի տեղեկություն չունենք»,-հայտնեց ժամկետային զիծառայող զինվորի ազգականը, մենք նույնիսկ չգիտենք, թե ինչը կարող էր պատճառ դառնալ նման քայլի: «Մեր զինվորը շատ նորմալ ծառայող է եղել, համենայնդեպս, մինչեւ հիմա ոչ մի խնդիր չենք իմացել, բայց թե ինչի ու ինչ պատճառով է դուրս եկել՝ տեղյակ չենք: Այս տարվա հուլիսին օրինական արձակուրդ էր եկել, շատ գոհ էր զորամասից, զինակից ընկերներից, հրամանատարական կազմից: Կորելու առաջին օրն էր զանգել, էլի գոհ էր, բայց թե ինչի է նման բան արել, մեզ համար հանելուկ է»: Խնդրում ենք , որպեսզի պատկան մարմինները ամեն հնարավորը անեն, մեր բալին հայտնաբերեն»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջին օրվանից, երբ զորամասի հարամանատարությունն իմացել է զինվորի՝ զորամասը ինքնական լքելու մասին, նրան հայտնաբերելու գործում ներգրավվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Կապանի,,Վանաձորի և Երևանի բաժինների ծառայողները, քանի որ երեխան հաշվառված է եղել Վանաձորում, սակայն բնակվել է Երևանում: Զինվորի որոնողական աշխատանքների հսկողությունը իր վրա է վերցրել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետը»: