Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբի «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչը և մարզիկներից մեկը, նախնական համաձայնությամբ, կաշառքի դիմաց համաձայնեցված գործողությունների արդյունքում դիտավորությամբ կանխորոշել են 06.09.2019 թ.-ին կայացած «Տորպեդո Երևան» և «Մասիս» ֆուտբոլային ակումբների խաղի արդյունքը ձեռնտու հաշվով և ապահովել «Տորպեդո Երևան» ֆուտբոլային ակումբի հաղթանակը, իսկ մի շարք անձանց կողմից դրա շուրջ կատարված խաղադրույքների հետևանքով բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս: Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը, որը քննությունը սկսել է բուքմեկերական ընկերությունից ստացված հաղորդագրության հիման վրա։
«Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա հանցագործություն կատարած հիշյալ անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պարզված հանգամանքները փոխանցվելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և ՈՒԵՖԱ՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու, նույնանման երևույթները ապագայում բացառելու նպատակով», – նշված է հաղորդագրության մեջ։