Նոյեմբերի 3-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խդր Բրոյանի (ծնված 1972թ․) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Վերջինիս անմիջապես տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, իսկ երեք ժամ անց՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, հայտնում է Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը։
«Գիշերը 02։25-ին արձանագրվել է Բրոյանի կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշմամբ, մահը վրա է հասել սրտանոթային անբավարարության պատճառով։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», – ասված է հաղորդագրության մեջ։
Բրոյանը 2011թվականին դատապատվել էր 12 տարի ժամկետով ազատազրկման՝ իրացման և գործածման նպատակով առանձնապես խոշոր չափերի` մոտ 1կգ ափիոն տեսակի թմրամիջոցի և պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդի ձեռքբերման և վաճառքի համար։
Դատավճիռը կայացվել էր Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով, 266 հոդվածի 4-րդ մասով – թմրամիջոցներ պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը, 268 հոդվածի 3-րդ մասով – թմրամիջոցներ հափշտակելը կամ շորթելը։
Պատիժը կրելու ընթացքում նրա նկատմամբ սահմանվել էր հարկադիր բուժում թմրամոլությունից։