Համացանցի գլոբալ ազատության ցուցանիշն իններորդ տարին շարունակ նվազում է։ Իշխանություններն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի հաճախ են օգտագործում սոցիալական ցանցերն ու ինտերնետային մանիպուլյացիաները՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու և քաղաքացիների նկատմամբ որոշակի վերահսկողություն հաստատելու համար։ Այս մասին ասվում է Freedom House ոչ կառավարական կազմակերպության նոյեմբերի 5-ին հրապարակված զեկույցում։
Յուրաքանչյուր երկրի վարկանիշը կազմվում է երեք առանցքային գործոնների հիման վրա․ համացանցի հասանելիության խոչընդոտների բացակայություն, նյութերի հասանելիություն, օգտատերերի իրավունքների պաշտպանություն։ Ըստ այս գործոնների երկրներին տրվում են միավորներ, ինչի արդյունքում կազմվում է համացանցի օգտատերերի 87 տոկոսը ներառող 65 երկրների ինտերնետային ազատությունն արտահայտող ցանկ։ 0-39 միավոր հավաքած երկրները դասակարգվում են որպես ոչ ազատ, 40-69՝ մասամբ ազատ, 70-100՝ ազատ։
Տարածաշրջանի երկրներից ազատ են Հայաստանն ու Վրաստանը՝ համապատասխանաբար 76 և 75 միավորով։ Մասամբ ազատ են Ղրղըզստանը և Ուկրաինան՝ 61 և 56 միավորով։ Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ոչ ազատ երկրների ցանկում են՝ համապատասխանաբար 39, 37 և 15 միավորով։
Ազատ երկրների ցանկը գլխավորում են Իսլանդիան, Էստոնիան, Կանադան, Գերմանիան, Ավստրալիան։
Ամենամեծ առաջընթաց արձանագրած երկրներն են Մալազիան, Եթովպիան, Անգոլան, Հայաստանը։ «2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում դրական տեղաշարժերը շարունակվում են», – ասվում է զեկույցում։ Մասնավորապես նշվում է, որ նախորդ տարիների համեմատ կտրուկ նվազել է ինտերնետ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի թիվը, թվային լրատվամիջոցներն ավելի քիչ են ենթարկվում տնտեսական ու քաղաքական ճնշումների։