Բլագովեշչենսկի Ամուրի շինարարական և կոմունալ տնտեսությունների քոլեջի ուսանողը կրակ է բացել ուսումնական հաստատության շենքում։ Սպանվել է երկու ուսանող, նաև՝ կրակողը, հայտնում է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Հրաձգությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով 10։00֊ին, երբ քոլեջում դասերն արդեն սկսվել էին։ 19-ամյա ուսանողը կրակում էր իր անունով գրանցված որսորդական հրացանից։
«Դեպքի վայր ժամանելով ոստիկանները քոլեջի երկրորդ հարկում տեսել են զինված քաղաքացու։ Նա սկսել է կրակել Պարեկային ծառայության աշխատակիցների ուղղությամբ, ոստիկանները պատասխան կրակ են բացել», – ասվում է Ամուրի մարզի ՆԳՆ վարչության հաղորդագրության մեջ։
Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին հաջողվել է կրակողին արգելափակել քոլեջի լսարաններից մեկում և տարհանել շենքում գտնվող մյուս ուսանողներին։ Զինված ուսանողն ինքնասպան է եղել։ 17, 19 և 20 տարեկան երեք ուսանողներ հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Քննչական կոմիտեն տեղի ունեցածի հետ կապված քրեական գործ է հարուցել «երկու անձանց սպանություն խուլիգանական մղումներից ելնելով» հոդվածով։ Ոստիկանությունում կարծում են, որ կատարվածի պատճառը կարող է լինել կոնֆլիկտն ուսանողների միջև, բուլիինգը (որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ)։ Իր աղբյուրներին հղվելով ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ 19-ամյա ուսանողը սկսել է կրակել, երբ ուշացման պատճառով չեն թույլատրել լսարան մտնել։ Baza և Mash տելեգրամ ալիքների փոխանցմամբ, հարձակվողը քոլեջի ուսանող Դանիլ Զասորինն է, ում հաջողվել է հրացանը ուսումնական հաստատության տարածք մտցնել հագուստի տակ թաքցնելով։