Home / Եկեղեցի / Գերեզմանը արագ աճող օրգանիզմ է․ Հայաստանում դիակիզարաններ կբացվեն

Գերեզմանը արագ աճող օրգանիզմ է․ Հայաստանում դիակիզարաններ կբացվեն

2020 թվականին Հայաստանում 2 դիակիզարան կբացվի, PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հայտարարել է «Բնակչության հատուկ սպասարակում» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:

«Մենք ուսումնասիրել ենք այդ ոլորտի օրենսդրությունը, օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում: Կան ներդրողներ, որոնց հետաքրքրում է սա, նրանք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել: 2020-ին Հայաստանում 2 դիակիզարան կբացվի»,-ասել է Իսկանդարյանը։

Նա նշել է, որ ուսումնասիրության համաձայն Հայաստանում պահանջարկ կա․ «Մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Եվ կարևոր չէ, թե ինչպիսին է այս հարցում եկեղեցու կամ որոշ քաղաքացիների մոտեցումը, մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Մենք ուեցել ենք դեպքեր, երբ մարդիկ դին տարել են Մոսկվա, այնտեղ հրկիզել են և աճյունի հետ վերադարձել, քանի որ այստեղ դա հնարավոր չէր անել»։

Ըստ Իսկանդարյանի, թաղման ոլորտն իր խնդիրներն ունի, իսկ դիակիզումը ավանդական հուղարկավորությունից քիչ ծախսեր է պահանջում:

«Ոչ պաշտոնապես յուրաքանչյուր գերեզմանոց ավելի շատ տեղ է զբաղեցնում, քան փաստաթղթերում է նշված: Գերեզմանոցը շատ «արագ աճող օրգանիզմ է», – հավելել է Իսկանդարյանը:

Գերեզմանների համար հողը Երևանում պաշտոնապես անվճար է հատկացվում, բայց նախատեսվում է վճարովի դարձնել՝  տարածքի աճը վերահսկելու համար :

Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները․ 21 գերեզմանատներ՝ 530 հա ընդհանուր տարածքով, 90 պուրակ և զբոսայգի՝ 213 հա տարածքով: