Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին զգալիորեն աճել են՝ հասնելով երկու տարվա ընթացքում գրանցված առավելագույնին, ինչը պայմանավորված է մսամթերքի և բուսական յուղերի միջազգային գների աճով:
Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ամսվա ընթացքում միջին հաշվով կազմել է 177.2 նիշ՝ հոկտեմբեր ամսվա համեմատ աճելով 2.7 և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 9.5 տոկոսով:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նոյեմբերին աճել է 10.4 տոկոսով, քանի որ բարձրացել է արմավենու յուղի գնառաջարկը` ներմուծման համաշխարհային պահանջարկի, բիովառելիքի արտադրության ավելացման և հաջորդ տարի մատակարարման ծավալների հնարավոր նվազման պատճառով: Բարձրացել են նաև հլածուկի և սոյայի յուղի արժեքները:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 4.6 տոկոսով, ինչը ամսվա կտրվածքով գրանցված ամենամեծ աճն է վերջին տասնամյակի ընթացքում: Առավելագույնը աճել են խոշոր և մանր եղջերավոր անասունների մսամթերքի գները, ինչը պայմանավորված է ներմուծման մեծ պահանջարկով, հատկապես Չինաստանի կողից` տարեվերջյան տոնակատարություններին ընդառաջ: Բարձրացել են նաև խոզի և թռչնամսի գները:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հոկտեմբերի համամատ աճել է 1.8 տոկոսով, ինչը պայմանավորված է նրանով, որ եկող տարի ակնկալվում է, որ շաքարավազի համաշխարհային սպառումը կգերազանցի արտադրությանը, որին կնպաստի Թաիլանդում, Հնդկաստանում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում շաքարեղեգի աճեցման ոչ նպաստավոր պայմանները:
Մինչդեռ, աշխարհի առաջատար ցորեն արտահանողների շրջանում ուժեղ մրցակցության պատճառով, ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նվազել է 1.2 տոկոսով: Բրնձի գինը նույնպես նվազել է, իսկ ԱՄՆ-ից եգիպտացորենի արտահանման գինը նվազման տենդենց ունի, հակառակ նրան, որ Արգենտինայից և Բրազիլիայից արտահանման գները ընդհանուր առմամբ կայուն են եղել:
Հոկտեմբեր ամսվա համեմատ ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը էապես բարձրացել է ՝ պայմանավորված նրանով, որ Եվրոպայում կաթի արտադրությունը անցել է սեզոնային ցածր մակարդակի, իսկ համաշխարհային պահանջարկը մնում է բարձր: