Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է խստացնել զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար սահմանված պատժաչափերը։
Նախագիծն առաջարկում է զինծառայողին մեկ այլ զինծառայողի կողմից սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար որպես պատիժ սահմանել ազատազրկումը` երեքից ութ տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից/ պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ/ միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար/ մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում, պատժվելու է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի կամ մարտի ժամանակ, պատժվելու է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:
Առաջարկվում է նաև Քրեական օրենսգրքի «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների» գլխում զինծառայողին ինքնասպանության հասցնելը սահմանել որպես ինքնուրույն հանցակազմ՝ ավելացնելով 260.1 հոդվածը։
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն։ Օրինական ուժի մեջ մտնելու համար այն պետք է քննարկվի և ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ։
Նշենք, որ գործող իրավակարգավորմամբ` զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից` պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Ինքնասպան եղած (ներառյալ սպանությունները, որոնք կոծկվում են իբրև ինքնասպանություն) և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների թիվը տարիներ շարունակ գերազանցում է հակառակորդի գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թիվը։ Միայն 2018 թվականին արձանագրվել է ինքնասպանության 11, իսկ 2019-ի այս պահի դրությամբ` 10 դեպք: