Սյունիքի մարզի փախստականաբնակ Տորոնիկ գյուղ հասնելու համար պետք է հաղթահարել Սիսիանից 7-8 կմ անմխիթար ճանապարհ։ Տորոնիկի դպրոցն ունի 6 աշակերտ, 7 ուսուցիչ։ 2000-ականներին դպրոցը մոտավորապես 40 աշակերտ է ունեցել։
Դպրոցի պատուհանները չունեն համապատասխան ջերմամեկուսիչ շերտ, ձմռան ամիսներին քամին փչում է ներս, փայտի վառարանով տաքացվող սենյակներում երեխաներն ու ուսուցիչները նստում են վերարկուներով։
Դպրոցի տնօրենը պատմում է, որ դպրոցը չունի անգամ ջրամատակարարում, բացակայում է սանհանգույցը, սակայն այդ հարցը շուտով կլուծվի։ Տորոնիկ գյուղի վարչական շրջանի ղեկավարի հետ նախատեսում են նոր ջրագիծ քաշել, դպրոցում ընթանում են շինարարական աշխատանքներ, վերանորոգվում է ընդամենը 1 սենյակ, որն էլ կծառայի որպես ճաշարան։
Սամվել Դավթյանն ու Մոնիկա Աղաջանյանը 7-րդ դասարանի աշակերտներ են, դասասենյակում նստում են տնից բերված տաք հագուստով։ Դպրոց հասնելու համար նրանք ամեն օր մի քանի կմ ճանապարհ են կտրում։
Ուսուցիչներից մի քանիսը Տորոնիկում աշխատանքը համատեղում են այլ դպրոցներում դասաժամերի հետ։ Շաբաթվա մի մասը գալիս են գյուղ, մյուս մասը գնում են հարակից բնակավայրեր։ Ուսուցիչներն իրենք են մտահոգվում, որ աշակերտների սակավության պատճառով երբեմն նույն մարդը մի քանի առարկա է դասավանդում։
Դասվար Կարինե Օհանջանյանն ունի դպրոցական երեխաներ, ասում է՝ եթե դպրոցն օպտիմալացնեն, ինքը ստիպված կգնա գյուղից, քանի որ չի ուզում, որ իր երեխան ամեն օր տրանսպորտով հասնի հարակից բնակավայր։
Հայոց լեզվի ուսուցչուհի Նելլի Աղալարյանն էլ պատմում է, որ երեխաների քիչ քանակով պայմանավորված լրացուցիչ նյութեր է բերում դասարան և անհատական պարապունքներ կազմակերպում։
Մաթեմատիկայի ուսուցչուհի Սաթենիկ Իսկանդարյանը տեղեկացրեց, որ ինչպես Տորոնիկում, այնպես էլ Որոտանի դպրոցում անհրաժեշտ գրենական պիտույքներ չկան։
Տորոնիկի դպրոցի սպրոտդահլիճի տեղում այժմ ավերակ է, պատերը քանդվել են։ Երեխաները ֆիզկուլտուրա առարկան անցկացնում են բացօթյա տարածքում։ Չնայաց Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է մարզերում դպրոցների վերակառուցում և հիմնովին կառուցում, ինչպես նաև սպորտդահլիճների վերանորոգում, սակայն Տորոնիկի դպրոցը առայժմ չկա նախարարության դպրոցների ցուցակում։