2019թ-ի հոկտեմբերի 15-ին Լիդիան ընկերությունը հրապարակեց Ամուլսարի ծրագրի իրագործելիության մասին NI 43-101 տեխնիկական զեկույցը, որը 2017թ-ին ներկայացված զեկույցի վերանայված տարբերակն է: Հանքարդյունահանման ոլորտի խորհրդատու, հանրահայտ երկրաքիմիկոս դոկտոր Անն Մաեստը (Buka Environmental) քիմիական և բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանի խնդրանքով ուսումնասիրել է այդ զեկույցը և դեկտեմբերի 19-ին հրապարակվել է դրա տեխնիկական, բնապահպանական և սոցիալական կողմերի մասնագիտական գնահատման հուշագիրը։
Ներկայացնենք Մաեստի հուշագրի մի քանի կարևոր կետեր․
1․ Հուշագրում քննվել է Լիդիանի տեխնիկական զեկույցի համապատասխանությունը Կանադայի 43-101 ազգային գործիքով (Canadian National Instrument, NI) նախատեսված կանոններին ու չափանիշներին, որոնք սահմանված են և վերաբերում են Կանադայի ֆոնդային բորսաներում գրանցված ընկերությունների կողմից իրենց պատկանող կամ իրենց կողմից հետախուզվող հանքերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելուն: Պահանջվում է, որ հանրային հաշվետվությունն ու տեխնիկական տվյալները լինեն հստակ, թափանցիկ, հավասարակշռված, ճշգրիտ, և հիմնված լինեն ողջամիտ ենթադրությունների վրա: Պահանջվում է նաև, որ տեխնիկական զեկույցը լինի անկողմնակալ և ցույց տա պոտենցիալ ռիսկերն ու անորոշությունները:
2․ Հուշագիրը բացահայտում է, որ Լիդիանի 2019-ի NI 43-101 տեխնիկական զեկույցում թերագնահատված են Ամուլսարի ծրագրի ռիսկերը, ծախսերը և դրանց հետ կապված անորոշությունները։ Այն պատշաճ կերպով չի բավարարում 43-101 ազգային գործիքով պահանջվող բացահայտման, մասնագիտական պատասխանատվության և թափանցիկության չափանիշները: Տեխնիկական զեկույցում ներառված տեղեկությունները հակասում են Լիդիանի այն պնդմանը, թե չկան հայտնաբերված ռիսկեր: Դրանք հստակ ցույց են տալիս, որ ծրագրի մշակման վրա ազդելու են հայտնի և անհայտ բնապահպանական և սոցիալական ռիսկեր: Ռիսկերը հանգեցնելու են Լիդիանի հաշվարկները գերազանցող ծախսերի, ինչպես հանքարդյունահանման, այնպես էլ փակման փուլերում:
– Լիդիանի նոր Տեխնիկական զեկույցում նշվում է նախորդ զեկույցի համեմատ ոսկու ավելի մեծ պաշարների առկայության մասին, ընդ որում պաշարների գնահատումն իրականացվել է գոյություն ունեցող տվյալների հիման վրա, առանց հավելյալ հորատման աշխատանքներ կատարելու: Միաժամանակ, պարզ չէ, արդյոք նոր տվյալների համեմատ վերագնահատվե՞լ են բնապահպանական ազդեցությունները, թե՞ դրանք ուղղակի արտացոլում են նախորդ զեկույցում նշված տվյալները: Չնայած զեկույցից պարզ չէ, բայց երևում է, որ բնական միջավայրի վրա լրացուցիչ ազդեցությունները չեն գնահատվել:
– Զեկույցում նկարագրվում են այն մեթոդները, որոնցով Լիդիանը պատրաստվում է նվազեցնել թթվային դրենաժը, սակայն չի բացատրվում, թե ինչպես են այդ մեթոդները բացառելու նշանակալի բացասական ազդեցությունը, կամ արդյոք այդ մեթոդները համապատասխանում են լավագույն պրակտիկաներին, ինչպես պահանջվում է Կանադայի NI 43-101 չափանիշներով: Գիտնականը մատնանշում է մի քանի էական բացթողումներ և թափանցիկության չպահպանման հետ կապված խնդիրներ:
– Թթվային դրենաժի հետ կապված ռիսկերն ապակողմնորոշող են և հիմնված չեն հստակ հիմնավորված ենթադրությունների վրա: NI 43-101 կանոնակարգերով թափանցիկության սկզբունքի խախտում է համարվում նաև այն, որ Լիդիանն իր կայքում հասանելի չի դարձրել ELARD-TRC ընկերությունների կատարած ուսումնասիրության ամբողջական տարբերակը, այլ միայն շատ ընդհանուր գծերով, իրեն ձեռնատու լույսի ներքո կայքում տեղեկություն է զետեղել այդ զեկույցից: Եթե ELARD-TRC-ի ուսումնասիրության և դրան հաջորդած՝ ՀՀ կառավարության հետ բանակցությունների արդյունքում Լիդիանը լրացուցիչ պարտավորություններ է ստանձնել հավելյալ մեղմացման միջոցառումներ ձեռնարկելու, ապա ո՞ւր են հաշվարկներն այն մասին, թե որքան հավելյալ գումար է արժենալու այդ միջոցառումների պլանավորումը, իրականացումը, մշտադիտարկումը և այլն:
– Թերագնահատվել են ջրերի մաքրման ռիսկերն ու ծախսերը: Լիդիանի տեխնիկական զեկույցը հակասական տվյալներ է պարունակում ջրերի մաքրման կարիքների և ծախսերի մասին: Օրինակ, ընկերությունը խոստանում է, որ չմաքրված կոնտակտային ջրերը չեն արտահոսի բնական միջավայր, սակայն կոնտակտային ջրերի սահմանումը չափազանց նեղ է և չի ներառում արդյունաբերական գործընթացքում աղտոտվելիք բոլոր ջրերը. դրանով թերագնահատվում են Ամուլսարի ծրագրում ջրերի մաքրման հետ կապված ռիսկերն ու անհրաժեշտ ծախսերը: Կամ, 2019թ-ին ՀՀ կառավարությանն ուղղված նամակում ընկերությունը խոստանում է ջրերի ակտիվ մաքրման համակարգ ներդնել, սակայն այս տեխնիկական զեկույցում, որը կազմվել է վերոնշյալ նամակից հետո, ակտիվ մաքրման համակարգի ներդրման հաշվարկներ ներառված չեն: Հանքի գործունեության, փակման և փակմանը հաջորդող փուլերում ջրերի մաքրման համար անհրաժեշտ միջոցների իրատեսական հաշվարկները կարող են Ամուլսարի հանքը «քիչ ծախսատարից» վերածել «շատ ծախսատար» հանքավայրի՝ մեծ բնապահպանական վտանգներով:
– Լիդիանը նաև նախատեսում է, որ վերին հրաբխային ապարաշերտերը թթվագոյացման չեն հանգեցնելու, սակայն չի անցկացրել այս ապարների բավարար երկարաժամկետ կինետիկ փորձարկումներ. փորձերի մեծ մասը դադարեցվել է ժամանակից շուտ, իսկ այն մեկը, որն ավելի երկար է անցկացվել, թթվագոյացման ներուժ է ցույց տվել: Նույնիսկ ըստ Լիդիանի սահմանափակ երկրաքիմիական փորձերի արդյունքների՝ կուտակված բոլոր դատարկ ապարները թթվային դրենաժ են արտադրելու, սակայն դրա հետևանքներն ու հուսալի մաքրման մոտեցումների անհրաժեշտությունը մեծապես թերագնահատվել են:
3․ Մեծ կարևորություն է տրվում նաև հանքի գործունեությանը համար համայնքի համաձայնությունն ունենալուն (TMX and Ontario Securities Commission, 2018, p. 114), քանի որ համայնքների անհամաձայնությունը դասակարգվում է որպես հանքարդյունաբերության ոլորտի թիվ մեկ բիզնես ռիսկը (Mitchell, 2018): Լիդիանի տեխնիկական զեկույցում գրված է, որ համայնքն ընդհանուր առմամբ կողմնակից է հանքարդյունաբերական ծրագրին, մինչդեռ նույն զեկույցում կարդում ենք նաև, որ հանքի ճանապարհներն արգելափակված են տեղացիների կողմից արդեն մեկ տարուց ավելի: Սա նորանոր ֆինանսական խնդիրներ է առաջացնելու ծրագրի համար, ֆինանսական խնդիրները թույլ չեն տալու պատշաճ կերպով լուծել բնապահպանական վտանգները, ինչը խնդիր է, մանավանդ, հաշվի առնելով, որ Լիդիանն այս ոլորտում ընդհանրապես փորձ չունեցող ընկերություն է:
Անն Մաեստի հուշագիրն ամբողջությամբ հասանելի է անգլերեն, հետևյալ հղումով:
Հիշեցնենք, որ մինչ այս՝ դեռ 2017թ-ին, Բրոնոզյանի անձնական նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով 4 հայտնի փորձագետների կողմից իրականացվել էին Ամուլսարի ծրագրի՝ ստորգետնյա և մակերևութային ջրերի վրա ազդեցությանն առնչվող Լիդիանի փաստաթղթերի համապարփակ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հրապարակվել, մասնագիտական հանրությանն ու պետական մարմիններին էին ներկայացվել 17 տեխնիկական անկողմնակալ զեկույցներ:
Դիտեք նաև Անն Մաեստի 2018թ-ի հունիսի 20-ի ելույթը, որտեղ նա ներկայացնում է Ամուլսարի ոսկու արդյունահանման նախագծի երկրաքիմիական կանխատեսումներն ու ջրի որակի վրա ակնկալվող հետևանքները։ Մաեստն ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող երկրաքիմիկոս դոկտոր է և ուսումնասիրել է աշխարհի մոտ 150 մետաղական տարբեր հանքավայրերի փաստաթղթերը՝ գնահատելով դրանց ազդեցությունները մակերևույթային և ստորերկրյա ջրերի վրա։
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]