Այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության մամուլի ասուլիսի ընթացքում նախաձեռնության ներկայացուցիչներ` Գևորգ Ղուկասյանը և Մարգարիտա Գրիգորյանը ներկայացրել են 2019 թվականի երկրորդ կեսին ՇՊՀ-ում (Շիրակի պետական համալսարան) իրականացված մոնիթորինգի արդյունքները: Մոնիթորինգի և հանրային դիտորդության արդյունքում բուհում կանխվել են մի շարք ապօրինություններ եւ խարդախություններ։
Օրինակ, մոնիթորինգի արդյունքում կանխվել է ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ապօրինի ընտրության արդյունքում՝ ընտրված ուսանողների կազմի հաստատումը ՀՀ վարչապետի կողմից: Պարզվել են մի շարք չարաշահումներ, վարչական մի շարք աշխատողների անհամապատասխանությունը իրենց զբաղեցրած պաշտոններին, հաստիքներին, բուհի բյուջեի սխալ և ոչ նպատակային կառավարման մասին փաստեր, բազմաթիվ այլ խնդրհարույց հանգամանքներ։
Նախաձեռնության անդամ Մարգարիտա Գրիգորյանը նշում է․ «Մոնիտորինգի բաղկացուցիչ մաս էր նաև սոցիոլոգիական հարցումները, որոնք անցկացվել են ՇՊՀ 100 ուսանողների հետ կարիքների գնահատմանն և բացահայտմանն ուղղված։ Սա անհրաժեշտություն և հնարավորություն էր բուհի ուսանողությանը հանդես գալու կարծիքի ազատ կամարտահայտման, ուսանողական կյանքի բարձրացման, նոր առաջարկությունների հնչեցման և առկա խնդիրների վերհանման և հետագայում դրանց լուծման նպատակով արդյունավետ և այլընտրանքային տարբերակների մշակման համար»։
Նախաձեռնության անդամների կողմից նաև դիտարկվել է՝ ՇՊՀ ՈՒսանողական խորհուրդը։ Դիտարկման և բազմաթիվ հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ ՇՊՀ ուսանողական խորհուրդը ապօրինի է և վերահսկվում է վարչական ապարատի և կոնկրետ վարչական աշխատողի կողմից: Այս կապակցությամբ նախաձեռնության անդամները նամակներ են ուղարկել ՀՀ վարչապետին, ՀՀ ԿԳՄՍՆ և ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդին։
«Համագումար տարիներ շարունակ Շիրակի պետական համալսարանում չի եղել։ Այսինքն էն կառույցը, որը գործում է առանց համագումարի, առանց կանոնադրական ու իրավական հիմքի, չի կարող համարվել ուսանողական խորհուրդ ու ներկայացնել ուսանողների ձայնը, ուսանողների իրավունքները, ուսանողների շահերը», ֊ պնդում է նախաձեռնության մյուս անդամ Գևորգ Ղուկասյանը։
Նամակը քննության առնելով` ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկություն է ուղարկել բուհին և ապօրինի ու խարդախ գործունեություն իրականացնող ՈՒԽ-ին որպեսզի վերջինս լուծարվի, անցկացվեն նոր ազատ արդար և թափանցիկ ընտրություններ։ Նախաձեռնության անդամների պնդմամբ սա առաջին նման դեպքն է։
Գևորգը վստահ է, որ հեղափոխությունը բուհեր չի մտել, և էն բոլոր մարդիկ, ովքեր աշխատել են բուհերում, շարունակում են մնալ և իրականացնել «իրենց, մեղմ ասած, հակակրթական գործունեությունը»։
«Կոռուպցիայի, գումարների յուրացման մեջ մեղադրվող, քրեական գործերով հայտնի ամբիոնների վարիչները, դեկանները, դասախոսները և մնացածը դեռ շարունակում են աշխատել Շիրակի պետական համալսարանում», ֊ պնդում է նախաձեռնության անդամը։