Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մարդու դիակը նրա հարազատներին պետք է փոխանցվի փակ, նախապես ախտահանված դագաղով, որն արգելվում է բացել տեղափոխման և հուղարկավորության ցանկացած փուլում։
Պարետի որոշմամբ ապրիլի 17-ին սահմանվել են արտակարգ դրության ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացած մարդկանց դիակների տեղափոխման և հուղարկավորության կանոնները:
Որոշման համաձայն, covid-19 ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում։ Դիակը մշակման ժամանակ առաջացած բոլոր թափոնները հավաքվում և ոչնչացվում են։ Դիակը ծածկվում է սավանով և տեղափոխվում անջրանցիկ պարկ, դաստակին փակցվում է նույնականացման տեղեկություն պարունակող նշան, այնուհետև պարկը պինդ կապվում է կայծակ ճարմանդի միջոցով այնպես, որ բացառվի դիակից հեղուկի արտահոսքի հնարավորությունը:
Դիակի նույնականացման տեղեկությունը (դաստակին փակցվածի նման) փակցվում է նաև դիակի համար նախատեսված պարկի վրա: Պարկը մշակվում է քլորակրով կամ քլոր պարունակող համապատասխան ախտահանիչներով: Պարկով դիակը դիատարով տեղափոխվում է բժշկական հաստատության ժամանակավոր պահման վայր, որտեղ ախտահանվում է պարկի արտաքին մակերևույթը և դագաղի ներսը։ Դիակը հարազատներին է հանձնվում փակ դագաղով։ Դիակը հարազատներին հանձնելուց հետո ժամանակավոր պահման վայրն ամբողջությամբ ախտահանվում է։
Դիակի տեղափոխումը իրականացվում է դագաղով, որում դիակը շարունակում է մնալ պարկի մեջ: Դագաղն արգելվում է բացել տեղափոխման և հուղարկավորության ցանկացած փուլում։ Դիակը տեղափոխող տրանսպորտային միջոցն ախտահանվում է:
Պարետը նշում է նաև, որ հանգուցյալին անհրաժեշտ է հնարավորինս շուտ հուղարկավորել (48-72 ժամից ոչ ավել) և խուսափել բազմամարդ հոգեհանգիստներից:
Ինչ վերաբերում է մահացածի իրերին, պարետը նշում է, որ դրանք այրելու անհրաժեշտություն չկա։ Իրերն անհրաժեշտ է վերցնել պաշտպանիչ ձեռնոցներով, մաքրել և ախտահանել առնվազն 70% էթանոլով կամ այլ ախտահանիչ նյութով, հագուստը՝ լվանալ 60−90°C ջերմաստիճանի ջրով և լվացքի փոշիով:
Նշենք նաև, որ, ըստ Պարետի որոշման, չի թույլատրվում բացել նաև կորոնավիրուսից մահացած քաղաքացիների դիերը, որոնք բերվել են արտերկրից։