Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները, որոնք մայիսի 9-ից խափանվել էին, վերականգնվել են և այլևս հասանելի են․ հայտնել է Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:
«Բոլոր նյութերը, ծրագրային ֆայլերը, թվայնացված գրականության, գրքերի և մամուլի ամբողջ բազան Ազգային գրադարանում առանձին կրիչներով պահված են եղել: Մենք, սերվերների արտաքին տեսքից դատելով, կարող էինք ասել, որ դրանք բավականին հուսալի վիճակում են, որովհետև դրանց կոշտ սկավառակները փորձաքննությունից հետո հանել էինք, բացել և տեսել, որ ոչ մի պլատա վնասված չէ»,- այսօր հրավիրված ասուլիսին ասել է Սարիբեկյանը:
Երկու, երեք շաբաթ ժամանակ էր հարկավոր արխիվը վերականգնելու համար․ այժմ ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են․ գրադարանի պաշտոնական՝ www.nla.am կայքը թարմացվել է և անխափան գործում է, գործում է նաև թվայնացված թերթերի, ամսագրերի ու գրքերի http://tert.nla.am/ հարթակը:
Երկուշաբթի և երեքշաբթի դրանց թեստային փորձարկումներն են արվել: Շտեմարաններն այդ օրերին հասանելի էին մինչև երեկոյան 18:00-ը, իսկ հիմա՝ արդեն 24 ժամ։
Սարիբեկյանի նշել է՝ չի բացառվել, որ խափանման պատճառը կարող էր ծրագրված լինել: Դեպքի առթիվ փորձաքննություն է իրականացվում, մարդկային դիտավորության, միջամտության գործոնը դեռ չի հերքվել: Վերջնական դիրքորոշումը կհանրայնացվի ծառայողական քննության և փորձաքննության ավարտից հետո։
Բովանդակային առումով կորուստներ չկան, սերվերները մանրակրկիտ մաքրվել են:
«Այս ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների մի ամբողջ համայնք ձևավորվեց մեր գրադարանի շուրջ, որը պատրաստակամություն է հայտնել մեզ աջակցել նաև հետագայում: Նրանք այս օրերին մանրակրկիտ մաքրել են սերվերները, թեստավորել են և պատրաստի շահագործման համար հանձնել գրադարանին: Մեր ամենամեծ կորուստն օդորակիչն է, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար, ինտերնետի փոխարկիչ: Սերվերային սարքավորումների հոսանքի անխափան սնուցման սարքը բավականին լավ վիճակում է: Սերվեները շահագործելու համար բոլոր սարքավորումները պահպանված են», – եզրափակեել է տնօրենի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ից մոտ Ազգային գրադարանի՝ մոտ երկու տասնամյակների ընթացքում ստեղծված խոշոր ծավալի էլեկտրոնային պաշարներն անհասանելի էին դարձել: Հայտնի էր, որ ածխացել են սպասարկող կայանները (սերվերները), որոնցում պահվում են շտեմարանները։ Գրադարանի տնօրինությունը հավաստիացնում էր, որ թվայնացված նյութերը պահպանվել են առանձին կրիչների վրա, իսկ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն նշում էր, որ, ըստ նախնական նկարագրության, հին սերվերները հազիվ թե վերականգնվեն: Սերվերները, փաստացի, վերականգնվել են։ Արդյոք դրանց պարունակությունն իսկապես պահվում է առանձին կրիչների վրա՝ հայտնի չէ։