Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շրջանակը` համաճարակից տուժած մասնավոր ոլորտների ցանկը, կառավարության այսօրվա որոշմամբ ընդլայնվել է։
Ավելացված ոլորնտների գրանցված աշխատողները, որոնք փաստացի զրկվել են աշխատանքից և աշխատավարձ ստանալու խնդիր ունեն, ևս կօգտվեն պետական աջակցության ծրագրից՝ 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 68,000 դրամը և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136,000 դրամը:
Այսուհետ ծրագրից կարող են օգնտվել նաև հետևյալ ոլորտների գրանցված աշխատողները՝
—մանածագործական արտադրատեսակների արտադրություն,
—փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից,
— թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն,
— ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն,
— համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն,
— էլեկտրական սարքավորանքի արտադրություն,
— ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն,
— համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում,
— ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:
«Այս 9 ոլորտների ավելացմամբ մենք կծածկենք ևս 1875 կազմակերպության, որոնց մոտ աշխատում է 9171 աշխատակից։ Աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ։ Այս պահին 8-րդ միջոցառմամբ ունենք վճարած շուրջ 124,609 շահառուների, և ընդհանուր գումարը կազմում է շուրջ 8,5 մլրդ դրամ», – նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը։
Վարչապետ Փաշինյանն էլ հավելել է՝ ընդհանուր առմամբ Կառավարությունն ընդունել է 19 հակաճգնաժամային միջոցառում, որոնց շրջանակում շահառուներին հասանելի է օժանդակության ընդհանուր առմամբ 100 մլրդ 40 մլն դրամ։ Միջոցառումներից օգտվել է 51,800 տնտեսվարող, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը։
Միջոցառումն, հիշեցնենք, ընդունվել էր 2020 թվականի մարտի 30-ին։ Տուժած ոլորտների ցանկն այն ժամանակ ներառում էր հյուրանոցային և հյուրատնային ծառայությունները, հանրային սննդի ծառայությունները, զբոսաշրջային ծառայությունները, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայությունները, մանրածախ առևտրի ծառայությունները, բացառությամբ՝ դեղորայքի, սննդի, ալկոհոլի և ծխախոտի։ Ապրիլի 16-ին ցանկը ընդլայնվել էր՝ ներառելով նաև ցամաքային տրանսպորտի գործունեությունը (երթուղային տրանսպորտ), նախադպրոցական կրթությունը (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեությունը (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեությունը (սրճարաններ, մանկական զարգացման կենտրոններ և այլն)։