Հիվանդանոցային մահճակալները դեռ հերիքում են․ հոսպիտալացման կարիք ունեցողների թիվը դեռ տանելի է, ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր նրանց մեջ չկան, հիմնականում՝ միջին ծանրության են։ Հոսքը անընդհատ է․ քաղաքացիները դուրս են գրվում և նորերն ընդունվում են։ Ծայրահեղ ծանրների թիվը երեկվա դրությամբ 100 էր, ծանրներինը՝ 424, գումարային՝ 525 հոգի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, ինչը շատ մեծ թիվ է և այդ թիվը վերջին օրերին առնվազն չի իջնում և տատանվում է 500-ի շրջանակներում։ ԱԺ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով ռեանիմացիոն բաժանմունքերում դեռ տեղ ունենք, բայց տեղ ունենալն ինքնին իրավիճակի դրական գնահատական չի կարող լինել, որովհետև մենք ծայրահեղ ծանրների շրջանում ունենք մահացության մոտ 70 տոկոս, ծանրների մոտ, իհարկե, ավելի քիչ։ Իսկ թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա գտնվող քաղաքացիների մոտ 90 տոկոս մահացություն ունենք։ Հետևաբար՝ մեր գերնպատակը միևնույնն է` թվերի իջեցումն է և ոչ թե հզորությունների ավելացումը», – ասել է Թորոսյանը։
Դեռ վաղ է խոսել անկման մասին, նշել է նախարարը։ Օրեր են եղել, երբ գրանցվել է 700-ից ավելի հաստատված դեպք, այսօր էլ 600-ից ավելի նոր դեպք ունենք, ինչը ցածր թիվ չէ մեր նման հզորություններ ունեցող երկրի համար․ «Մեր գործողությունները պետք ավելի ինտենսիվորեն շարունակվեն հենց թվերի զսպման ուղղությամբ: Հարցը լուծելու է միայն կոլեկտիվ վարքագծով թվերի զսպումը։ Երբ մենք արձանագրում ենք այսօրվա թվերը, տեսնում ենք որոշակի լարվածություն, բայց դժվար է գնահատել, եթե վերջին օրերի դիմակային խստացումները չլինեին, մենք էլի 600 դեպք կունենայինք, թե, օրինակ, 800»։
Լավ դիմակի էֆեկտիվ կրումը, ըստ Թորոսյանի, բերում է վարակելիության և տարածման անկմանը։ Բայց «լավն» ու «էֆեկտիվը» բարդ է չափել, ուստի՝ հաշվարկներ անելը բավականին դժվար է։
«Եթե ենթադրենք, որ բոլորը կրում են ճիշտ դիմակ և ճիշտ են այն կրում, կարող ենք ասել, որ 7 օրից էական անկում կլինի։ Ճիշտ դիմակ ասելով նկատի ունեմ բժշկական եռաշերտ դիմակները։ Ճիշտ դիմակ կրելը բոլորի կողմից բերում է վերարտադրողական ցուցանիշի մեկից իջեցման, ինչը նշանակում է, որ 10 հոգին վարակում է 1 հոգուն և այլն։ Եթե ճիշտ չես կրում, ցուցանիշը մնում է մեկից բարձր․ մեր գնահատականներով, Հայաստանում հիմա ցուցանիշը տատանվում է 1․2-ից 1․3-ի շրջանակներում, ինչը բարձր է շատ։ Վարակը դեռ տարածվում է։ Մեզ անհրաժեշտ է, որ բոլորով այդ ցուցանիշը իջեցնենք 1-ից ներքև, բայց դրա չափելիությունը պրակտիկորեն անհնար է», – նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ինքնաշեն կամ ոչ բժշկական դիմակների էֆեկտիվությունը հարցադրելի է, բայց միանշանակ ավելի էֆեկտիվ է, քան դիմակի բացակայությունն առհասարակ։
Հիվանդության հետ կապված կան բազմաթիվ անորոշություններ․ ասիմպտոմների՝ վարակը տարածելու հարցը դրանց շարքում է։ Թորոսյանի խոսքերով՝ ունեցել ենք դեպք, երբ ասիմպտոմ վարակակիրը չի վարակել իր հետ նույն սենյալում ապրող մարդուն, բայց ունեցել ենք նաև դեպք, երբ վարակել է։ Այսինքն՝ երկու տարբերակն էլ հնարավոր է։ Ակադեմիական մեծ բանավեճ կա այս հարցի շուրջ․ եղել են հետազոտություններ, որոնց ցույց են տալիս, որ ասիպտոմները տարածման տեսանկյունից այդքան էլ կարևոր չեն և պետք է կենտրոնանալ սիմպտոմներ ունեցող հիվանդների վրա։ Բայց եղել են նաև հետազոտություններ, որոնք վկայել են, որ տարածման 50 տոկոսի ասիպտոմ դեպքերից է եղել։ Ասիպտոմ ասելով ինչ նկատի ունենք՝ ևս հստակ չէ։ Ենթադրվում է, որ նա չի հազում, չի փռշտում, հետևաբար՝ քիչ է արտաբերում, արտաբերում է միայն արտաշնչելով։ Եվ մենք չգիտենք՝ արտաշնչած օդի վիրուսների քանակը բավարար է մեկ մետր հեռավորության վրա գտնվողի մոտ հիվանդություն առաջացնելու համար, թե ոչ։ Հստակ ինֆորմացիա դեռ չկա։ Գիտելիքը զարգանում է տարիների ընթացքում։ Ասիմպտոմը ևս 100 տոկոսանոց սահմանում չէ․ սիմպտոմները կարող են կարճ տևած լինել և չնկատվել նաև։
https://www.facebook.com/azatutyun/videos/1937386776560957/
Նախարարը նշել է նաև, որ, ցավոք սրտի, սուր շնչառական վարակները, որպես կանոն, աշնանը ակտիվանում են։ Հայաստանում՝ հիմնականում նոյեմբերին։ Նույնիսկ վտանգը հաղթահարած երկների դեպքում էլ հավանականությունը, որ աշնանը նոր բռնկում կսկսվի, մնում մեծ․ «Նաև այդ պատճառով է, որ մենք հզորությունները զարգացնելիս՝ հաշվի են առնում ոչ միային այս պահի կարիքը, այլև պատրաստվում ենք աշնանը, չնայած որ հիմա էլ խնդիրներ ունենք»։
Թեթև և միջին վիճակում գտնվողները բուժումը շարունելու են ստանալ տանը․ «Այո՛, մարդիկ հիվանդանոցներից դուրս են գրվելու նաև ծանրության աստիճանի թեթևացումից հետո, և դա է ամբողջ աշխարհում կիրառվող քաղաքականությունը։ Թեթև և միջին ծանրության դեպքերը պետք է մնան տեղամասային թերապևտի հսկողության տակ կամ, եթե շատ թեթև դեպք է, հսկողության կարիք էլ չի լինելու»։
Պոլիկլինիկաների հետ կապված խնդիրներ եղել են, այո։ Ըստ Թորոսյանի՝ դրանց վրա միանգամից մեծ ծանրաբեռնվածություն է ընկել, և հեշտ չէ միանգամից այդ գործառույթը վերցնելը: Նրա կարծիքով՝ պոլիկլինիկաների աշխատանքի բարելավման համար պետք է աշխատեն նաև համայնքները և ՏԻՄ-երը։
«Եկեք չմոռանանք, որ պոլիկլինիկական համակարգին տարիներ ի վեր շատ քիչ է եղել ուշադրությունը և ընդամենը երկու տարի է, որ մենք ուշադրություն ենք դարձնում դրանց։ Ժամանակ է պետք», – հավելել է նախարարը։
Հարցին՝ ինչու նախարարությունը չի օգտվում որոշ հիվանդանոցների և մասնավորապես «Նաիրի» բշկական կենտրոնի ռեսուրսներից, Թորոսյանը պատասխանել է․ «Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս գործընթացում՝ հատուկ սկզբունքներին համապատասխան: Այս սկզբունքները միշտ են լինելու և լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ: Առողջապահությունը միայն կորոնավիրուսով չէ, որ զբաղվում է, այն զբաղվում է նաև մյուս բոլոր հիվանդություններով: Որոշում է կայացվել, որ «Նաիրի»-ն չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, և դա ճիշտ որոշում է եղել, որն ուժի մեջ է»։
Անդրադառնալով թիվ 1 համալսարանական հիվանդանոցի կողմից առաջարկված ռեսուրսները չօգտագործելուն, նախարարն նշել է, որ պետք չէ մոռանալ, որ խոսքը ընդհամենը մոտ 10 մահճակալի մասին է՝ 2200 մահճակալի միջից․ «Մրջունը փիղ է դարձել։ Ոչ մի անձնական ամբիցիայի խդնիր այստեղ չկա և չի կարող լինել։ Հարցն արդեն պարզաբանվել է»։
Թորոսյանը անդրադարձել է նաև միջազգային բժշկական հանրության օգնությանը․ Ֆրանսիայից 10 բժշկի այց կլինի վաղը՝ հատուկ չվերթով, Լիտվայի կառավարությունն է պատրաստ օգնել, բժիշկները, հավանաբար, մյուս շաբաթ կժամանեն Հայաստան։ Կան նաև Ռուսաստանի Դաշնությունից ցանկություն հայտնած բժիշկներ՝ մոտ 50 հոգի, որոնք կգան և, ամենայն հավանականությամբ, տեղում մի քանի շաբաթ կաշխատեն։ Նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ են բանակցություններ տարվում բժշկական արտակարգ իրավիճակների համար հատուկ ստեղված թիմերի այցելության հետ կապված։ Հավանաբար, դա կլինի կա՛մ լեհական թիմ, կա՛մ Իսրայելից, բայց այս որոշումը դեռ վերջնական չի, ժամկետմերը հստակեցված չեն։